Կառավարությունը նախատեսում է սահմանել նոր ու խիստ տուգանքներ շինարարության անվտանգության խախտումների համար
Կառավարությունը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նպատակ ունի կարգավորել շինարարական հրապարակների անվտանգությունը, սահմանել նոր տուգանքներ և ամրապնդել վարչական պատասխանատվության համակարգը։
e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված նախագիծը մշակվել է շինարարական հրապարակներում առկա խնդիրների համապարփակ վերլուծության հիման վրա։ Շինարարական արտադրության ընթացակարգերում հաճախ չեն պահպանվում անվտանգության, սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջները։
Հատկապես ծանրաբեռնված են եղել մթնոլորտային օդի աղտոտման, շինարարական հրապարակների կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության խնդիրները։Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությունը թերի է մի շարք բնորոշումներում։
Օրինակ՝ «վերականգնում», «ուժեղացում», «ընդլայնում» և նմանատիպ այլ եզրույթների բացակայությունը բազմիցս հանգեցրել է իրավական վեճերի և բացերի։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կասեցնել նմանատիպ խնդիրները։
Նախագծում ներկայացվել են մի շարք նոր պահանջներ՝ կապված շինարարական հրապարակների անվտանգ կազմակերպման հետ․ շինարարական հրապարակների ցանկապատման, փոշու և աղտոտման կանխարգելման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների կիրառում, բեռնատար մեքենաների անվտանգ տեղաշարժի ապահովում, անձնակազմի համար անհատական պաշտպանության միջոցների տրամադրում։
Տուգանքների չափերը սահմանվում են ավելի խստացված, հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալն ու բնույթը։ Տուգանքները տարբերակված են ըստ շինարարության պայմանագրային կամ նախահաշվային արժեքի։Շեշտադրվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նորմերի պահպանումը։ Ցանկացած խախտում ենթակա է խիստ վարչական տույժերի։
Առաջարկվում է խստացնել տեխնիկական և հեղինակային հսկողության կարգը։ Չիրականացված հսկողության համար սահմանվում են խիստ տուգանքներ։
Օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպում, բարձրացնել աշխատանքի անվտանգությունը և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը։ Նախագծի ընդունումը կնպաստի նաև արդար մրցակցության ձևավորմանը, ապահովելով սոցիալական արդարության սկզբունքը։
Տվյալ փոփոխությունները հնարավորություն կտան լուծել շինարարական անվտանգության հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ։ Ակնկալվում է, որ նոր վարչական տույժերը կնպաստեն կառուցապատողների և կապալառուների կողմից օրենսդրության պահպանմանը։
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ կառավարության հանձնարարականների հիման վրա։ Այն չի նախատեսում ռազմավարական փաստաթղթերում փոփոխություններ, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել պետական և համայնքային բյուջեների եկամուտները։