Բաժիններ՝

Եվրամիությունը պլանավորում է լրացուցիչ 30 միլիարդ եվրո հատկացնել Կիևին

Եվրամիությունը հայտարարել է 2025 թվականին Ուկրաինային ևս 30 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին: Այս մասին դեկտեմբերի 19-ի երեկոյան Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիու Կոշտան։

Գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Օրերս Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ այդ գումարը ներառում է շուրջ 18 միլիարդ եվրո, որն ստացվել է որպես շահույթ ռուսական սառեցված ակտիվներից, և ևս 12,5 միլիարդ եվրո լրացուցիչ կհատկացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից:

Հայտարարված 30 միլիարդ եվրոն կհատկացվի ի լրումն 130 միլիարդ եվրոյի, որը ԵՄ-ն արդեն Կիևին է տրամադրել Ռուսաստանի կողմից ծավալված ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

Իր հերթին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիան վետո է դրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 6,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ Եվրամիության որոշման վրա։

Բացի այդ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն 2025 թվականից կսկսի ամսական 1,5 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային։

Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին Ուկրաինան 2025 թվականին Արևմուտքից 12-15 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորման կարիք կունենա։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն «ՌԲԿ-Ուկրաինա» առցանց հրատարակությանը հուլիսի վերջին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ նման կանխատեսումները համապատասխանում են այն քննարկումներին, որոնք Կիևն անցկացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս