Հետաքրքիր է՝ ինչպես են ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին. Զախարովա
Մոսկվան հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև հումանիտար բոլոր հարցերի շուրջ երկխոսության օգտին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի` այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաբերյալ պահանջները։
Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքները վերականգնելու համար։
«Ավելի լավ է` Երևանից պարզեք, թե ինչպես են այդ հայտարարություններին վերաբերվում ՀՀ իշխանությունները։ Մեր դիրքորոշումը բարձրաձայնել ենք։ Բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը մարդասիրական բլոկի քննարկումն է», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` դա ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների, պատմամշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց նկատմամբ անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը։
Զախարովան ընդգծել է` Մոսկվան բազմիցս նշել է հումանիտար հարցերի ամբողջ շրջանակի շուրջ Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերսկսման կարևորությունը։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է աջակցել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօրվա հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ դարավերջին Հայաստանը լքած շուրջ 300 հազար ադրբեջանցիներ սպասում են Երևանի պատասխանին իրենց վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ։