Արմավիրի մարզում փեսան դանակահարել է աներոջը
Դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: