Բաժիններ՝

Ես գործարար եմ, բայց էդքան էլ չէ. մամուլ

«Խորհրդարանական այլընտրանք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունը մեծ ալեկոծություն էր առաջացրել ԲՀԿ գործարար հատվածում:

Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Համոզված եմ, որ դրանից կշահեն երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին»:

Արագած Ախոյանն էր լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, անակնկալի եկել և, ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալու հեռանկարի մասին բառեր չգտնելով, չէր մեկնաբանել Օսկանյանին: Մեկ այլ ԲՀԿ-ական՝ Վահագն Մախսուդյանն էլ մեզ հետ զրույցում էր պարբերաբար հորդորում դադարեցնել հարցազրույցը:

Նշենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Վահագն Մախսուդյանը, ըստ լուրերի, օրենսդրի փառքին արժանացել է իր փեսայի՝ «Բամո» ընկերության սեփականատերերից Հակոբ Մուրադյանի շնորհիվ (Մախսոդյանի դուստրը Մուրադյանի կինն է):

Թեև ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալու հարցը կուսակցությունում չի քննարկվել, այդուհանդերձ, վերջին երկու գումարման ԱԺ պատգամավոր Մախսուդյանը պատասխանեց մեր որոշ հարցերին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու ներկայացնում Վահագն Մախսուդյանի հետ հարցազրույցը.

– Պարոն Մախսուդյան, Դուք պատկերացնո՞ւմ եք ԲՀԿ-ին ընդդիմադիր կուսակցության դերում, կո՞ղմ եք, որ ԲՀԿ-ն դառնա ընդդիմադիր:

– Իհարկե:

– Իսկ ի՞նչն էր խանգարում, որ խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեիք, որ ընդդիմություն եք, մի քանի ամիսների ընթացքո՞ւմ դարձաք ընդդիմություն:

– Կհանդիպենք, կխոսենք, քանի որ էդ խոսակցությունները դեռ վերջնական չեն, ես իմ տեսակետն եմ ընդամենը ասում՝ կոնկրետ ես կուզենայի, բայց վերջնական ինչ է ձևավորվելու, դեռ չեմ կարող ասել: Վերջապես կամ էս կողմ պիտի լինի, կամ էն կողմ, էլի:

– Ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, օրինակ, կո՞ղմ է, որ ընդդիմություն դառնաք, օրինակ, Դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանում ընդդիմադիր օլիգարխ:

– Ես քո էդ հարցերին չեմ կարող պատասխանել, կներեք, բայց չեմ պատասխանի: Դա իրենից հարցրեք, դա իր տեսակետն է, ես իր փոխարեն կարո՞ղ եմ պատասխանել:

– Պարոն Մախսուդյան, կյանք տեսած, տարիք առած ու ճանապարհ անցած մարդ եք, որ ասում եք՝ կողմ եք ընդդիմադիր դառնալուն, ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն, որտեղ հիմնականում գործարարներ ու բիզնեսմեններ են հավաքված, իշխանության հետ բոլոր թելերով կապված, կարո՞ղ է իրական ընդդիմություն դառնալ, այդ դեպքում ի՞նչ կմնա ձեր կուսակցությունից:

– Ո՞նց ինչ կմնա: Ենթադրենք՝ գործարար է, նա իրավունք չունի՞, ենթադրենք՝ մի գործ անում է, նա իրավունք չունի՞ իր տեսակետն ունենալու, թե՞ իշխանությունները մինչև վերջ պտի տրորեն, դրա վերջը պիտի գա՞, թե՞ չէ:

– Կարծում եք գործարարները ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո չե՞ն լքի կուսակցությունը:

– ….Ասում եմ՝ ինձ մի խոսցրու, հետո դրա մասին կարտահայտվեմ:

– Ընդդիմադիր հռչակված կուսակցությունները, տեսեք, չմասնակցեցին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, մինչդեռ ԲՀԿ-ի հատկապես գործարար հատվածը կազմ-պատրաստ ներկայացրել էր այդ նիստին:

– Ոչ, գործարար թևը չէր… դա ԱԺ հատուկ նիստ էր, կոնկրետ իմ համար հետաքրքիր էր, և ես պետք է մասնակցեի, ես գործարար եմ, բայց էդքան չէ, որ չգիտեմ եսիմ ինչից վախենամ, ոնց վախենամ: Բայց իմ համար նախագահի ինաուգուրացիան հետաքրքիր էր, թե ինչպես կանցնի:

– Բա ո՞ւր մնաց խոսքի ու գործի, գաղափարի ու գործողությունների միասնությունը, ստացվում է՝ ձեր կուսակցության ղեկավարի համար էլ հետաքրքիր չէ, դրա համար չեկավ այդ նիստին:

– Արի էդ հարցերով թող:

– Պարոն Մախսուդյան, անկեղծ խոստովանեք, որ ԲՀԿ-ից ընդդիմադիր դուրս չի գա, առջևում ավագանու ընտրություններն են, գուցե նման հայտարարությամբ, ընդդիմադիր հավակնություններով փորձում եք հասարակության դժգոհ զանգվածի ձայների՞ն տիրանալ, ի՞նչ երաշխիք….

– Երաշխիքը ընտրությունները ցույց կտան վերջնական իմ կարծիքը, մյուս, էն մյուսի կարծիքը ընդամենը անձնական կարծիք է, բայց ընտրությունները…. ժողովուրդն իմաստուն է, ժողովուրդն իր ձայնը կտա: Տեսա՞ք ժողովուրդը նախագահական ընտրություններին ինչպես ձևավորեց իր կարծիքը:

– Ինչպե՞ս ձևավորեց:

– Նախագահական ընտրություններում ինչպես ձևավորե՞ց: 37 տոկոս դեմ քվեարկեց:

– Լավ հիշեցրիք. Ձեր կարծիքով, ընդդիմադիր հավակնություններ ունեցող ուժը ճի՞շտ արեց, որ չմասնակցեց նախագահական ընտրություններին:

– Արի չխորանանք, վերջացնենք:

– Բայց ի՞նչ հարց է որ, արդեն անցած-գնացած բան եմ հարցնում, այսօր չպատասխանեցիք՝ վաղն եք պատասխանելու, Ձեր թիմակիցներից որոշներն իրենց մեկնաբանությունները տվել են:

– Նախ չգիտեմ՝ դու Լուսինե՞ն ես, թե՞ Լուսինեն չես: Քեզ նյութ է պետք, ինչպես պետք է, էնպես էլ գրի:

– Ինձ Ձեր տեսակետն է պետք: Ձեր պատգամավորներից ոմանք, օրինակ, ասում են, որ նպատակահարմար չէր…

– Մեր պատգամավորները, որ ասել են՝ հարմար չէ էդ պահին մասնակցել, ես էլ ասում եմ, որ հարմար չէ, Դուք ինձ ջղայնացնում եք արդեն…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս