Իսկ Հովիկ Աղազարյանն ինչո՞ւ չի դիմում ՄԻՊ-ին. երևի սպասում է՝ դիմում լինի, որ դիմի իրավասու մարմիններին. Մարդու անձնական կյանքի իրավունքն է խախտվել

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությունը ոչ միայն չի հանդարտվում, այլև նոր թափ է հավաքում:

Որպես այդ կեղտոտ պատմության հետևանք՝ օրերս ՔՊ-ից հեռացվեց Աղազարյանի ընկերը՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով, ի դեպ, նույնպես դեռ մանդատը վայր չի դրել: ՔՊ-ական երիտմորոզովները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց նախկին թիմակցների վրա ցեխ լցնել, ծեր գվարդիան, ավելի ճիշտ՝ Հովիկ Աղազարյանը, դիմադրում է ու հակահարված տալիս: Զարմանալիորեն որևէ երիտՔՊ-ականի չի հուզում, որ մասնակիցն են մարդու անձնական կյանքի կոպտագույն ոտնահարման, խայտառակ պատմության, որ վաղը միգուցե շատ բան մոռացվի, բայց հաստատ չի մոռացվելու, որ մի ամբողջ խմբակցություն ու ՔՊ-ական վարչություն՝ իր ղեկավար Նիկոլ Փաշինյանով, իհարկե, վերջինիս դրդմամբ ու մասնակցությամբ, փորփրել են մարդու, էական չէ՝ ում անձնական կյանքը, ծանոթացել են դրա մանրամասներին, դրել-վերցրել-քննարկել են այն, կարծիք հայտնել ու չեն ամաչել:

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ասաց, որ ինքն իրավունք ուներ դրանց ծանոթանալու՝ քրեական վարույթի վերաբերյալ ինչ-որ հիմնավորումներ բերելով, բայց մոռացել էր ասել, որ իրավունք չուներ դրանք բազմացնելու ու հանրայնացնելու: Ու սա սարսափելի է ու ամոթալի, բայց քանի որ ՔՊ-ն ու ամոթը կամ բարոյականությունը հակոտնյա երևույթներ են, սա չենք քննարկում:

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի պնդումներին ու հարցի իրավական կողմին:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն Աղազարյանի հետ կապված քրեական վարույթի մասնակից չի: Միայն այդ պարագայում նա կարող էր օրինական ճանապարհով հասանելիություն ունենալ այն ինֆորմացիային, որն ունեցել է: Այլ որևէ պարագայում նա չէր կարող նման ինֆորմացիոն հասանելիություն ունենալ:

Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միայն ինստիտուցիոնալ առումով կարող է ղեկավարել, բայց ոչ երբեք քրեական վարույթի կամ օպերատիվ-հետախուզական տվյալների ծանոթանալ, որտեղ էլ որ այդ վարույթը քննվի՝ Քննչական կոմիտեո՞ւմ, Ազգային անվտանգության ծառայությունո՞ւմ (ԱԱԾ), թե՞ Հակակոռուպցիոն կոմիտեում:

Խախտումները հետևյալ շղթայով են կյանքի կոչվել՝ Հակակոռուպցիոն կոմիտե-ԱԱԾ-Նիկոլ Փաշինյան, և նրանք բոլորը քրեական հետապնդման սուբյեկտներ են:

Իսկ որտե՞ղ է ՄԻՊ-ը:

Ճիշտ է, օրենքում դրույթ կա, որ պաշտոնատար անձինք չեն կարող դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, բայց այստեղ հարցը ոչ թե Հովիկ Աղազարյանի կամ Հակոբ Ասլանյանի՝ որպես պաշտոնյայի իրավունքներն են, այլ մարդու, անձի՝ որպես անհատի իրավունքները:

ՄԻՊ-ը համակարգային խնդրի վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեկավ, չխոսեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, վերազանցել է իր լիազորությունները, նմանօրինակ ծանր խախտումների է գնացել, չասաց՝ եթե պատգամավորների հետ են այդ կերպ վարվում, բա մյուսներին ի՞նչ են անում:

Թե՞ ՄԻՊ-ը սպասում է, որ Հովիկ Աղազարյանն ինքը դիմի իրեն, նոր ինչ-որ բան անի:

Ի վերջո, ՄԻՊ-ին հետաքրքիր չէ՞՝ ո՞րն է կառավարության ղեկավարի իրավունքների սահմանը մարդու իրավունքներին միջամտելիս, և ո՞նց կարող էր կառավարության ղեկավարը մարդու անձնական կյանքի մանրամասները դարձնել իր մի քանի տասնյակ թիմակիցների և որպես հետևանք կամ արդյունք՝ ողջ հանրության սեփականությունը:

Թերևս չի հետաքրքրել:

Տեսանյութեր

Լրահոս