Իրանի հետախուզությունը 3 ամիս շարունակ Ասադի կառավարությանը զգուշացրել է սպառնալիքների մասին. Խամենեին
Իրանական հետախուզությունը երեք ամիս շարունակ զգուշացրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը սպառնալիքների մասին, սակայն ամեն ինչ անտեսվել է։ Այդ մասին, snn.ir-ի փոխանցմամբ, ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
«Մեր հետախուզությունը դրանից (նկատի ունի Ասադի տապալումը) մի քանի ամիս առաջ, մեր հետախուզությունն օգոստոսից նոյեմբեր ժամանակահատվածում անընդհատ նախազգուշական հաղորդագրություններ է փոխանցել Սիրիայի իշխանություններին, չգիտեմ՝ դրանք հասել են բարձրաստիճան պաշտոնյաներին, թե ոչ»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
Նա նաև հավելել է, որ Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանք է:
«Սիրիայում տեղի ունեցածն ամերիկյան և սիոնիստական համատեղ ծրագրի հետևանք է: Սիրիայի հարևան մեկ այն երկիր հստակ դերակատարում է ունեցել այս հարցում և շարունակում է ունենալ. սա ակնհայտ է բոլորի համար, բայց հիմնականը դավադիրը, գլխավոր ծրագրավորողը ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմն են: Մենք ապացույցներ ունենք, որոնք կասկածի տեղիք չեն տալիս», – ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
Նոյեմբերի վերջին Սիրիայում իսլամիստական խմբավորումների կոալիցիան հարձակում է սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Նոյեմբերի 30-ին իսլամիստները գրավել են Հալեպը, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Համան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը մտել են Դամասկոս և հայտարարել Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու մասին։
Ինչպես այն ժամանակ հայտնել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Սիրիայի առաջնորդը բանակցություններ է վարել իսլամիստների հետ, հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այնուամենայնիվ, իսլամիստները հայտարարել են 10 միլիոն դոլարի պարգևատրություն այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել նախկին նախագահին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բաշար ալ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ապաստան են տվել։