«Բանակցություններում ադրբեջանցիների վերադարձի հարց կա՞». ՔՊ-ական պատգամավորը չպատասխանեց
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հստակ չպատասխանեց հարցին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա՞ ադրբեջանցիների վերադարձի հարց։
«Այս դահլիճում միասին քննարկում ունեցել ենք, բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ նախագահի, ԱԳՆ մակարդակով։ Բայց սա ըստ էության մեզ մոտ չպետք է տպավորություն ստեղծի, որ բանակցությունները մտել են փակուղի, ոչ, բանակցությունները շարունակվում են։ Բնականաբար, կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են ու ժամանակատար։ Բայց մենք փակուղու մասին չենք խոսում՝ բանակցությունները շարունակվում են»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց Արթուր Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Ալիևի կողմից հնչող տարբեր մեկնաբանություններին, ապա նա նպատակահարմար չի գտնում դրանք մեկնաբանել։
«Գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքներն Ադրբեջանի, միջազգային մեր գործընկերների հետ՝ խաղաղության պայմանագիրն իր վերջնական տեսքին հասցնելու համար։
Բանակցությունների օրակարգում տարաբնույթ հարցեր կան, ես չեմ կարող մանրամասնել բանակցությունների դետալները՝ դրանց խորհրդապահական լինելու բերումով»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել է, թե՝ «Հայաստանի իշխանությունները պետք է բանակցեն «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ Հայաստան նրանց վերադարձի մեխանիզմների շուրջ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում