Բաժիններ՝

Ավստրալիայի արևմտյան մի քանի քաղաքներից բնակիչներին տարհանել են անտառային հրդեհների պատճառով

Ավստրալիայի արևմտյան ափին գտնվող մի քանի քաղաքների բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տներն անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արևմտյան Ավստրալիայի նահանգի ​​փրկարար ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ անվերահսկելի անտառային հրդեհն ընդհուպ մոտեցել է Սերվանտես քաղաքին, որը գտնվում է մայրցամաքի արևմտյան ափին։ «Հրդեհը մոլեգնում է քաղաքի սահմաններից 10 կմ-ից պակաս հեռավորության վրա…. Իրավիճակը բարդանում է տարածաշրջանում չոր, շոգ և քամոտ եղանակային պայմանների պատճառով», – ասել է Արևմտյան Ավստրալիայի Հրշեջ պահպանության և արտակարգ իրավիճակների ծառայության վարչության աշխատակից Դարեն Քլեմը:

Հաղորդվում է նաև, որ Սերվանտեսի մոտ, որտեղ բնակվում է մոտ 500 մարդ, գտնվում է Ավստրալիայի ռազմածովային ուժերի ուսումնավարժական զորավարժարանը։ «Այնտեղ կան չպայթած զինամթերք և վառելիքի պաշարներ, այնպես որ հրշեջներն ստիպված են շարժվել միայն զինվորականների հետ համաձայնեցված երթուղիներով, և դա խիստ սահմանափակում է հրդեհը տեղայնացնելու մեր հնարավորությունները», – հավելել է Քլեմը:

Այժմ Սերվանտեսի և մերձակա ավանների բնակիչները տարհանվել են, տարերային աղետի գոտում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները, դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։Հրդեհն ընդգրկում է 42 000 հեկտար անտառ, իսկ հրդեհի ընդհանուր ընդգրկումը հյուսիսից դեպի հարավ կազմում է մոտավորապես 48 կմ։ Հրշեջները չեն կարողանում տեղայնացնել  կրակը, և առայժմ նրանց ջանքերի մեծ մասն ուղղված է բնակավայրերի շուրջը պաշտպանիչ կառույցների ամրապնդմանը։

Հրդեհի դեմ պայքարելու համար մոբիլիզացվել է ավելի քան 200 հրշեջ, տեղում աշխատում են 4 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, օրվա վերջում դրանց օգնության պետք է հասնեն մի քանի հրշեջ խմբեր հարևան նահանգներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս