«Սրանք սպանել են ՀՀ տնտեսությունը, տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից և ՌԴ-ից երբեք այսքան մեծ չի եղել. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ առնվազն երկու կողմ կա, որոնք չէին ցանկանում, որպեսզի ԵԱՏՄ նիստն անցկացվի Հայաստանում։

«Առաջինը Հայաստանն է, որն ընդունել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչը պահանջվում է։ Հիշեցնեմ, որ, երբ ՌԴ նախագահն այցելել էր Մոնղոլիա, այդ երկիրը հայտնվեց մեծ ճնշման տակ։ Հիմա Հայաստանի իշխանությունները հավանաբար չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել։ Բայց չեմ բացառում, որ հրամանը հյուսիսից է եկել, ասել են՝ դուք դա ընդունել եք, դուք էլ տակից դուրս եկեք, որովհետև ՌԴ ներկայացուցիչները պետք է ամառվա հավաքին մասնակցեին, երբ վարչապետներն էին հավաքվել Հայաստանում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չի անցկացվում։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ, երբ ՔՊ-ական պատգամավորներն ընդունում էին Հռոմի ստատուտը, «փրփուրը բերաններին» հայտարարում էին, թե ընդունում են, որպեսզի Ադրբեջանի ռազմական հանցագործները՝ սկսած Ադրբեջանի ղեկավարից, պատժի ենթարկվեն։

«Վավերացնելուց հետո ես այն ժամանակվա Արդարադատության նախարարին հարցրեցի, թե ի՞նչ են անելու ստատուտը վավերացնելուց հետո, և ստացա դեմագոգիկ պատասխան։ Մեկ տարի է անցել Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց, բայց մենք որևէ քայլ չենք տեսնում, հերթական անգամ իշխանությունները խաբել ու մոլորեցրել են ժողովրդին»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց՝ Երևանը ԵԱՏՄ նախագահող երկիրն էր, որի նիստերն արդեն երկու անգամ Հայաստանում չի անցկացվում, ինչը նշանակում է, որ Հայաստանը վստահելի չէ։ Մինչդեռ Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից և մասնավորապես՝ ՌԴ-ից, երբեք այսքան մեծ չի եղել, ինչն օրվա իշխանությունների վարած ապիկար քաղաքականության արդյունքն է։

«Ասելը քիչ է, ես էլ կարող եմ ասել, որ ես եմ Հռոմի հաջորդ Պապը։ Հայաստանի տնտեսությունը երբեք այսքան կախված չի եղել Ռուսաստանից։ Առաջին 9 ամիսների ընթացքում դեպի Եվրամիություն մեր արտահանումներն ընդհանուր առմամբ կազմել են մեր արտահանումների 4 տոկոսից մի քիչ ավելին։ Երբեք նման բան չի եղել։ Եղել են, օրինակ, տարիներ, երբ ԵՄ-ն Հայաստանի երկրորդ, եթե ոչ՝ առաջին տնտեսական գործընկերն է եղել։ Մենք որևէ բան չենք արտադրում, այդ ի՞նչ ենք արտադրում, որ եվրոպական ստանդարտներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Սրանք սպանել են ՀՀ տնտեսությունը, մի ապրանք նշեք, որը մենք արտադրում ենք, սակայն Եվրոպայում չեն ընդունում, որովհետև ստանդարտներին չի համապատասխանում։ Մենք տնտեսություն, իրական արդյունաբերություն չունենք։ 6,5 տարի է՝ ՔՊ-ն իշխանության է, և 6,5 տարի հետո Մխիթար Հայրապետյանն ասում է, թե մենք պետք է դառնանք ապրանք արտադրող երկիր։ Իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակի մեջ են գցել մեր տնտեսությունը»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս