ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը

Ապրիլի 22-ից 26-ը Ստրասբուրգում գումարվելիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրվա օրակարգային վերջին հարցը Հայաստանում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցն է: Զեկուցողը ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար, նորվեգացի պատգամավոր Կարին Ուոլդսեթն է:

Չի բացառվում, որ ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի նախաձեռնությամբ նստաշրջանի շրջանակներում տեղի ունենա հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հերթական հանդիպումը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն հայկական պատվիրակության 5 անդամներ՝ պատվիրակության ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խմբակցության ևս երկու ներկայացուցիչներ՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, ԱԺ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ նստաշրջանի օրակարգային հարցերի թվում են նաև Թուրքիայի հետ հետմոնիտորինգային երկխոսության, կրոնական համայնքերի նկատմամբ բռնությունների, «մանկական սեքս-տուրիզմի» դեմ պայքարի շուրջ քննարկումները, ԵԽ-ի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսի 2012թ.-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս