Անշարժ գույքի գործակալությունների ծառայությունները 20-30 տոկոսով կթանկանան․ հարկային վարչարարություն՝ ընդդեմ քաղաքացո՞ւ
Մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու կառավարության որոշման հերթական փուլը նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից։
Ըստ պաշտոնական պարզաբանման՝ հարկային փոփոխությունների հերթական փաթեթը վերաբերելու է հետևյալ ոլորտներին․ իրավաբանական, հաշվապահական և գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն և առողջապահություն։
ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը 168․am-ի հետ զրույցում շեշտեց՝ նախատեսվող փոփոխություններն անշարժ գույքի ոլորտում տարաբնույթ խնդիրներ կարող են առաջացնել, այդ թվում՝ հանգեցնելու են ծառայությունների շուրջ 20-30 տոկոս թանկացման։
Ըստ Անդրանիկ Հարությունովի՝ բոլորին ընդհանուր հարկման դաշտ բերելը կարող է անհավասար պայմաններ ստեղծել ոլորտում գործունեություն ծավալողների համար։
«Սա նախ կարող է առաջ բերել ծառայությունների թանկացում, քանի որ այսօր մեր ոլորտում շրջհարկով աշխատում են այն ընկերությունները, որոնք ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց։ Եթե գործակալության ծառայությունից եք օգտվում, միջնորդավճար եք վճարում, բայց երբ այդ գործակալության հարկատեսակը փոխվում է, հարկի չափը բարձրանում է, ինքն արդեն պետք է իր ծառայության արժեքները վերանայի՝ բարձրացնի, որպեսզի այդ բիզնեսը շահութաբեր լինի։
Մեկ այլ խնդիր է անբարեխիղճ մրցակցության հանգամանքը, ինչի մասին խոսել ենք նաև ԱԺ-ում այս նախագծին առնչվող քննարկումների ժամանակ։ Այս դաշտում գործունեություն ծավալող ֆիզանձանց ու ընկերությունների թվում գերակշիռ մաս են կազմում չգրանցվածները, որոնք ազատ գործունեություն են ծավալում․ իրենց փաստացի ոչ մեկը չի ստուգում, ու ստացվում է՝ այսօր ավելի բարենպաստ է դարձել ապօրինի գործունեություն ծավալելը, քանի որ պետական մարմինները վարչարարություն չեն իրականացնում»։
Վերջինի առնչությամբ անշարժ գույքի շուկայի մասնագետը նկատեց, որ շատ ընկերություններ նույնիսկ փակվում են՝ չդիմանալով այդ ընկերությունների հետ անհավասար մրցակցությանը։
«Գնորդները նախընտրում են մատչելի ծառայություններ մատուցողներին, իսկ այդ ընկերությունները կարողանում են ավելի մատչելի ծառայություններ մատուցել, քանի որ հարկեր չեն վճարում»,- պարզաբանեց նա։
Անդրանիկ Հարությունովը նշեց, որ այդ խնդրի մասին բարձրաձայնել են նաև ԱԺ-ում լսումների ժամանակ՝ առաջարկել են վարչարարություն իրականացնել, ստեղծել համապատասխան աշխատանքային խումբը, որը կուսումնասիրի հենց ոլորտին առնչվող հարցերը։
«Այս օրենքն առաջ բերելուց՝ մեր ոլորտից որևէ մեկի հետ չէին քննարկել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր ոլորտի համար՝ քանի աշխատատեղ կփակվի, ծառայությունները որքան կթանկանան և այլն»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։