Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը. ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մասնակցել է Վրաստանի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չներկայանալու պատճառով խորհրդարանի առաջին նիստը բացել է ամենատարեց պատգամավոր Լադո Կախաձեն։ Նա շնորհակալություն է հայտնել բնակչությանը Վրաստանի իշխող կուսակցությանը ցուցաբերած աջակցության համար, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Հայտնի է, որ Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել նիստին, քանի որ հոկտեմբերին կայացած և նոր խորհրդարանը ձևավորած ընտրությունները համարում են կեղծված:
Նորընտիր խորհրդարանը իրավասու է սկսել աշխատանքը, եթե ներկա է նորընտիր օրենսդիր մարմնի ամբողջական կազմի (ընդհանուր 150 մանդատ) մեծամասնությունը: Առաջին նիստին գրանցվել են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նորընտիր պատգամավորները՝ 89 մարդ։
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի նիստը «հակասահմանադրական» է:
«Նախ, զանգվածային ընտրակեղծիքները խաթարել են դրա լեգիտիմությունը: Երկրորդ՝ ես հրաժարվել եմ 1-ին նստաշրջան հրավիրելուց, և Սահմանադրությունը չի ճանաչում որևէ մեկին, ով կարող էր դա անել իմ փոխարեն։ Երրորդ՝ իմ դիմումը Սահմանադրական դատարանին ընթացքի մեջ է», – ասել է նախագահը: