Բաժիններ՝

Որ զանգեն, կասեմ՝ ընտրելու եմ, բայց ձեռքս կոտրվի՝ ես ՀՀԿ չեմ ընտրի. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ահազանգ ստացանք, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահզալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջև պահանջ է դրվել՝ կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Խոսքը վերաբերում է մասնավորապես դպրոցներին:

Մեր տեղեկություններով, կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները ու միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երևանցիների հեռախոսահամարներով՝ անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստվում են ընտրել Հանրապետական կուսակցությանը:

Երեկ մեր թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության է: Ասել է, որ մարզպետարանի աշխատակից է և հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով: Տնօրենի (դպրոցի համարն ու տնօրենի անունը միտումնավոր չենք նշում) հետ զրույցը` ստորև.

– Ցուցակներ պիտի պատրաստեիք չէ՞ ավագանու ընտրությոնների հետ կապված, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ փուլում է:

– (Տևական լռություն-խմբ): Ինչո՞ւ եք դպրոցներին հարցնում: Դուք ո՞վ եք, կասեք:

– Ուղղակի ինձ հանձնարարել են, որ ճշտեմ, տեսնեմ՝ հիմա ի՞նչ ընթացքի մեջ է, հերթով զանգում եմ:

– Ցուցակները տվել ենք արդեն:

– Ե՞րբ եք տվել, ո՞ւմ:

– Շուտ ենք տվել, օրը չեմ կարող հիշել, բայց մի քանի օր առաջ էր:

– Ո՞ւմ եք տվել:

– Ով մեզ հանձնարարել է:

– Կրթության բաժի՞ն եք ներկայացրել:

– ՉԷ, կրթության բաժինը չի հանձնարարել:

– Իսկ քանի՞ հոգու անուն կար ձեր ցուցակում… Նույն ցուցակի մասին ենք, չէ՞ խոսում, Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ բարեկամների, ծանոթների ցուցակի:

– Հա:

– Իսկ անուն կարող եք նշել, ո՞ւմ եք տվել:

– Դե հիմա ես չգիտեմ ճիշտն ասած, դուք ով եք: Ով ինձանից պահանջել է, նրան էլ տվել եմ:

Նշենք, որ այս երևույթը համատարած բնույթ ունի: ՀՀԿ-ն վարչական ողջ ռեսուրսը, այդ թվում և մարզերում, ներդրել է մայիսի 5-ի ընտրություններում իրենց թեկնածուի և ցուցակի օգտին ձայներ ապահովելու գործին: Մարզպետարաններին իջեցված հրահանգն այնուամենայնիվ այնքան էլ արդյունավետ չէ: Երևանում բնակվող և մարզային հիմնարկությունում աշխատող բարեկամ ունեցող քաղաքացիներից մեկը մեզ ներկայացրեց ցուցակի շուրջ իրենց զրույցը:

«Զանգեց, ասեց, ինձ պետք ա օգնես, թե չէ գործից կհանեն, ցուցակ են ուզել, հեռախոսի համարներով: Զանգելու են, ստուգեն: Ես էլ ասեցի, մեր անունն ու հեռախոսի համարը գրի, տասը հոգու անուն ու հեռախոսի համար էլ կտամ: Որ զանգեն, կասեմ՝ ընտրելու եմ, բայց ձեռքս կոտրվի՝ ես ՀՀԿ չեմ ընտրի»,- փոխանցեց քաղաքացին, ավելացնելով բա ինչ անեի, չէի թողնի չէ, որ խեղճին աշխատանքից ազատեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս