Երբեք թույլ մի´ տվեք, որ պարտվելու վախը խանգարի ձեզ խաղալ ու առաջ մղվել. Իրանի դեսպանի ուղերձը հայ մանուկներին

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ուղերձ է հղել հայ երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

ՈՒղերձում ասվում է. «Հանուն բարեգութ Աստծո

Սիրելի´ մանուկներ և պատանիներ,

Շատ ուրախ եմ, որ այս մի քանի տողով կարող եմ զրուցել ձեզ հետ։ Դուք ինձ համար մաքուր, հետաքրքրասեր, դրական մտածող, կենսախինդ էակներ եք, մի խոսքով`այն, ինչի մասին երազում են մեծերը։ Մարդկային ոգին թարմանում է ձեզ հետ լինելով: Միայն երեխաներն են անկեղծորեն ասում ողջ ճշմարտությունը: Ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ, սովորում եմ առանց պատճառի ուրախանալ: Սովորում եմ զբաղվել ինչ-որ բանով, թեկուզ` աննշան, և հասկանում եմ, թե ինչպես ամբողջ ուժով պահանջել այն, ինչ ուզում եմ։

Դուք կարեկցանքի, բարության, սիրո, առատաձեռնության, գթասրտության և ազնվության գանձեր եք: Ինձ համար չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան իմ ժպտացող թոռներն ու նրանց աչքերում փայլող ուրախությունն է։ Ինձ համար ամենագեղեցիկ մեղեդին մանկահասակ թոռներիս անուշ ծիծաղն է:

Բուրավե´տ ծաղիկներ,

աշխարհի ապագան դու´ք եք կերտում: Հավատացե՜ք ինքներդ ձեզ, դուք ավելի համարձակ եք, ավելի տաղանդավոր և ավելի ընդունակ, քան կարծում եք: Ձեր տաղանդը Աստծո պարգևն է ձեզ: Այն, ինչ դուք անում եք ձեր տաղանդի միջոցով, ձեր պարգևն է ձեր հորը, մորը, ուսուցչին և ձեր երկրի ժողովրդին:

Ձեզ են սպասում առաջընթացի բարձունքները: Երբեք թույլ մի´ տվեք, որ պարտվելու վախը խանգարի ձեզ խաղալ ու առաջ մղվել: Լուսավորե՜ք ձեր ծնողների սրտերը, սիրե´ք ձեր հայրենիքը: Սիրե՜ք ձեր ընկերոջը անվերապահորեն: Երազե՜ք:

Դուք կարող եք ապագա աշխարհը դարձնել լուսավոր: Հեքիաթներ կարդացեք, ավելի շատ հեքիաթներ կարդացեք, և սիրով ձեռք ձեռքի տված ավելի լավ վաղվա օրվա հույսով ձեր երկի´րը շենացրեք:

Ցանկանում եմ, որ դուք այնքան ծիծաղեք, որ չիմանաք, թե ինչ է տխրությունը:

Կեցցե՛ Հայաստանը

Կեցցե՛ Իրանը»:

Տեսանյութեր

Լրահոս