Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում բախումներ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների և ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջև։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ գործակալության թղթակցի՝ ոստիկանները փորձել են հետ մղել ցուցարարներին և մաքրել երթևեկելի մասը։ Կիրառվել է արցունքաբեր գազ։ Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել: Իրավապահների վրա քարեր են նետվել: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։Այս պահին ոստիկանությունն ամբողջությամբ ազատել է Մելիքիշվիլիի պողոտան։ Իրավիճակը հանգիստ է: Այնտեղ է նաև ցուցարարների մի մասը, որոնք կրկին ասում են, թե չեն պատրաստվում ցրվել։
Իրավապահներն սկսել են ցուցարարներին ցրել նոյեմբեի 19-ի առավոտյան։ Նրանց հեռացրել են Իլյա Ճավճավաձեի պողոտայից, որտեղ նրանք երկու օր հանրահավաք էին անցկացնում Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ։ Ավելի ուշ ցուցարարները շարժվել են դեպի Մելիքիշվիլիի պողոտա, որից հետո իրավապահները կրկին ստիպված են եղել ուժ գործադրել։
Նոյեմբերի 17-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան Թբիլիսիում նախ տեղի է ունեցել բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մոտ։ Բոլորի համար անսպասելիորեն «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ներկայացուցիչները, որոնք երթով շարժվում էին դեպի խորհրդարան, որոշել են կանգ առնել Ճավճավաձեի պողոտայում և այն փակել երթուղայիններով։
Ավելի ուշ այնտեղ կազմակերպվել է հանրահավաք։ Դրա մասնակիցները գիշերել են հենց երթևեկելի մասում խփված մի քանի տասնյակ վրաններում։ Կամավորները նրանց թեյ, սուրճ, սնունդ և ծածկոցներ են տրամադրել: Փակվել է տեղի տրանսպորտային հանգույցը։ Ցուցարարները բարիկադներ են կանգնեցրել աղբարկղներով և շինանյութի պարկերով: