Աբխազիայում ընդդիմությունն արգելափակել է կառավարական շենքերից մեկը
Ընդդիմության ներկայացուցիչներն Աբխազիայի կառավարության աշխատակիցներին թույլ չեն տալիս աշխատանքի վայր հասնել, նոյեմբերի 18-ին նրանք արգելափակել են Սուխումում նախարարների կաբինետի շենքերից մեկը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի տեղեկատվական կենտրոնը։
«Առկա տեղեկատվության համաձայն՝ Սուխում քաղաքի Լակոբա փողոցի 21 հասցեում գտնվող նախարարների կաբինետի շենքը նույնպես արգելափակված է ընդդիմադիր ուժերի կողմից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այս մասնաշենքում են գտնվում ֆինանսների, էկոնոմիկայի, մշակույթի, գյուղատնտեսության, արտաքին գործերի նախարարությունները և գանձապետարանը։Ըստ հաղորդագրության՝ 3-րդ մասնաշենքում, որը տեղակայված է կառավարական շենքերի համալիրի վերևում՝ Զվանբա փողոցում, որտեղ գտնվում են արդարադատության, աշխատանքի, կրթության, ինչպես նաև կենսաթոշակային և ճանապարհային ֆոնդերը, ցուցարարներ չկան, բոլոր կազմակերպություններն աշխատում են սովորական ռեժիմով։
Ավելի վաղ ընդդիմության առաջնորդները հայտարարել էին, որ չեն խոչընդոտելու պետական մարմինների աշխատանքը։
Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում՝ հարցի լիակատար բացառման համար։ Ավելի ուշ ընդդիմությունը պահանջել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Նա իր հերթին հայտարարել է, որ կշարունակի աշխատել, և հանրապետության քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների: