Դասական և ժամանակակից երկրաբանությունը միավորող հարթակ՝ ԵՊՀ-ում․ այսօր բացվեց Պետրոս Ալոյանի անվան «Գեոինովացիոն կրթական կենտրոն»-ը
Մայր բուհի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այս տարի տոնում է 90-ամյա հոբելյանը։ Հոբելյանական գլխավոր միջոցառումն այսօր էր, իսկ մինչ այդ՝ օրը նշանավորվեց նաև ֆակուլտետի համար կարևորագույն իրադարձությամբ՝ վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անունը կրող, միջազգային ստանդարտներին համապատասխանող «Գեոինովացիոն կրթական կենտրոն»-ի բացմամբ, որը վերանորոգվել և կահավորվել է Պետրոս Ալոյանի ընտանիքի նախաձեռնությամբ:
Պետրոս Գևորգի Ալոյանը Հայաստանի Հանրապետության միակ հայ երկրաբանն է, ով արժանացել է թե՛ ԽՍՀՄ և թե ՀՀ պետական մրցանակների։ Պետրոս Գևորգի Ալոյանը եղել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս։
Պետրոս Ալոյանի որդին՝ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն, երկրաբան Հայկ Ալոյանը նշեց՝ ընտանեկան ավանդույթը շարունակելով՝ նաև ինքն է փորձում ներդրում ունենալ այս մասնագիտության տարածման ու ժամանակակից ռիթմին համահունչ շարժվելու գործում․ «Գեոինովացիոն կրթական կենտրոն»-ի բացումը հերթական ծրագիրն է, որը միավորելու է դասական ու նոր երկրաբանության մոտեցումները։
Թե ինչո՞ւ է այսօր թերագնահատված երկրաբանի մասնագիտությունը հարցին ի պատասխան՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նախ նկատում է՝ ոլորտի ու կրթական բաղադրիչի միջև առաջացած խզումը, ապա վստահեցնում՝ այսօր արդեն փորձում են իրավիճակ փոխել։
ԵՊՀ աշխարհագրական և երկրաբանական ֆակուլտետները 1932 թ. գործել են Պատմատնտեսագիտական ֆակուլտետի կազմում, այնուհետև՝ 1934 թվականից մինչև 2008 թ., գործել են որպես առանձին ֆակուլտետներ։ 2008 թ. վերջիններիս միավորումից ձևավորվել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։
Մանրամասները՝ տեսանյութում