Մեկ օրում Գազայում և Լիբանանում իսրայելական գնդակոծություններից շուրջ 40 մարդ է զոհվել. Al Jazeera
Վերջին օրվա ընթացքում ավելի քան 40 պաղեստինցի և լիբանանցի իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի և Լիբանանի հարավի տարբեր շրջանների գնդակոծությունների զոհ է դարձել:
Այդ մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ պարբերականի՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում առնվազն 24 պաղեստինցի է սպանվել և 112-ը վիրավորվել Իսրայելի բանակի հարձակումների հետևանքով։ Իսկ Լիբանանում զոհվել է 18 մարդ քաղաքացիական պաշտպանության երկու կենտրոններին իսրայելական հարվածների հետևանքով։
Գազայի հատվածի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 43 700 մարդ, վիրավորվել՝ 103 370-ը։ Իսրայելը ռազմական գործողությունները սկսել է՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ առևանգվել։
Իսկ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 2023 թ. հոկտեմբերից երկրում իսրայելական հարվածներից 3 386 մարդ է զոհվել, 14 417 մարդ՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու ամսում։ Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների նպատակն է երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված բնակիչների վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծումը։