Ավստրալիայում ծաղկել է հազվագյուտ «դիակի ծաղիկը». այն տեսնելու համար հերթեր են գոյացել
Ավստրալիայի Ջիլոնգ քաղաքում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի տեսնեն հազվադեպ ծաղկող Տիտանական ամորֆոֆալուս խոշոր արևադարձային ծաղիկը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Իր սարսափելի գարշահոտության պատճառով այն ստացել է «դիակի ծաղիկ» անվանումը։ Այն ծաղկում է անկանխատեսելի կերպով, երբեմն նույնիսկ տասը տարին մեկ անգամ, և ծաղկած վիճակում մնում է ընդամենը 24-48 ժամ, այդ պատճառով էլ մեծ բազմություն է գրավում։ Այս ծաղիկը Ջիլոնգի բուսաբանական այգուն նվիրել են 2021 թվականին Հարավային Ավստրալիայի նահանգում գտնվող պետական հերբարիումից։ Ծաղիկը ծաղկել է նոյեմբերի 11-ին։
Առաջին օրն այն դիտելու է եկել շուրջ 5000 մարդ։ Ծաղիկը ծաղկած կմնա մինչև նոյեմբերի 12-ի երեկո, և բուսաբանական այգին կշարունակի այցելուների ընդունել, քանի դեռ ծաղիկը բացված է։ «Դիակի ծաղիկը», որի հայրենիքն Ինդոնեզիան է, վտանգված է։
Ծաղկի կյանքի տևողությունը 30-40 տարի է։ Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ բնության մեջ մնացել է այս բույսից ընդամենը մի քանի հարյուր հատ։ Տիտանական ամորֆոֆալուսը պահպանելու համար աշխարհի մի քանի տասնյակ բուսաբանական այգիներ աճեցնում են այն։