ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ Անդրանիկ Քոչարյանի անվան հիշատակումը և նրա դեմ քպ-ականների արշավը. Ում կհաջողվի հաղթող դուրս գալ «դավադրությունների տեսությունից»
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի շուրջ քպ-ականների նախաձեռնած զարգացումների ֆոնին օրերս Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել.
«Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Բոնդարևը և Կոմիտեի անդամ Կրիմ Կազանոկովը։
Հանդիպման սկզբում դեսպան Արսենյանը զրուցակցին փոխանցեց Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։
Փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը»։
Այն, որ Անդրանիկ Քոչարյանը՝ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կարող էր բարեմաղթանքներ հղել իր ռուս գործընկերոջը, բնական է, բայց հաղորդագրության մեջ այդ մասին շեշտելն արդյո՞ք ինչ-որ բան ենթադրում է՝ ցույց կտա ժամանակը:
Մինչ այդ հիշեցնենք, որ օգոստոսին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին Գուրգեն Արսենյանով փոխարինելուն, Անդրանիկ Քոչարյանը նախ նշել էր, որ նման որոշում դեռ 9 ամիս առաջ է կայացվել, այնուհետև դիմել էր հաղորդավարին՝ դուք ուզում եք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցվե՞ն։
«Հարաբերությունները պետք է լինեն գոնե դինամիկ կառավարվող,- ընդգծել էր նա և հավելել,- Այնպես չի, որ Արսենյանի ընտրության վրա երբ ՀՀ իշխանությունները կանգնեցին, պատկերացում չունեին, թե ինչ խնդիր պետք է լուծի պարոն Արսենյանը: Բնականաբար, տնտեսական և անվտանգային հարցերը ՌԴ-ի հետ շատ կարևոր են, բայց դրան հասնելու համար պետք է չեզոքացնել խանգարող հանգամանքները, դրանք բազմաթիվ են: Մենք ՌԴ-ի հետ ունենք համապարփակ պայմանագրեր, որոնց մի մասը գործում են, մի մասը չեն գործում: Կան պայմանագրեր, որ վերաբերում են սպառազինությանը, մի մասն իրացվել է, մյուս մասը սառեցվել է կամ չի գործում, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմը խանգարում է»:
Անդրանիկ Քոչարյանը նաև ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների համատեքստում էլ ասել էր, որ Հայաստանը թեև չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, բայց երկիրը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, որովհետև հույս ունեն, որ այդ համակարգը մի օր կարող է ՀՀ ազգային շահերի տեսանկյունից օգտակար լինել:
Հարկ է նկատել, որ որքան էլ Անդրանիկ Քոչարյանը քննադատել է Ռուսաստանին, ՀՀ ԶՈւ խորհրդային մոդելը և գտել, որ պետք է առաջնորդվել արևմտյան մոդելով, այնուամենայնիվ, ՌԴ-ին առնչվող հարցերում, անգամ որպես ի գիտություն իշխանության ներկայացուցիչներին՝ հորդորել է դավադրության տեսություններով չառաջնորդվել։
Մասնավորապես, ի պատասխան նախկին իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանի և ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի պնդումների, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանին այլ երկրներից զենք ձեռք բերելուն, 2023-ի մայիսին Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել էր.
«Մամուլում շատ բաներ կարող են գրել, բայց խոչընդոտումների մասին ես տեղեկատվություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Եթե մտածենք՝ այդ ճանապարհով ինչ խոչընդոտներ կարող են լինել, կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պայմանագրային պարտավորություններին, այդ անգամ ևս Անդրանիկ Քոչարյանը հիշել էր ռուս-ուկրաինական պատերազմը և դրանով պայմանավորված՝ Ռուսաստանի սպառազինության կարիք ունենալու հանգամանքը՝ «Ռուսաստանն ինքն էլ սպառազինության կարիք ունի, եկեք ճիշտ հասկանանք»:
Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը փորձել է առավել զգուշավոր լինել ՌԴ-ի հետ կապված իր արտահայտություններում, ի տարբերություն, օրինակ, ԱԽ նախագահ Արմեն Գրիգորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ում հետ կապված, ըստ մամուլի հրապարակումների, Անդրանիկ Քոչարյանը խնդիրներ ունի:
Իհարկե, օրերս լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը դա հերքել էր, մյուս կողմից՝ մի քանի ակնարկ արել՝ կապված իր և Ալեն Սիմոնյանի հարաբերություններին առնչվող լուրերի հետ, այդ թվում՝ արդեն արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ արշավի կամ ստորագրահավաքի համատեքստում:
«Ես քավո՞ր, ես 2 անգամ քավոր եղել եմ. Մեկը՝ Երուսաղեմում, մեկն էլ ՀՀ-ում օղորմածիկ հորս խնդրանքով: Ես կարող եմ մի բան բացահայտել՝ ստորագրողներից մեկն եմ եղել բազմաթիվ ստորագրողների մեջ: Ես գիտեմ՝ Արփինե Դավոյանը, էդ պրոցեսը ստորագրահավաքի, որ իր սենյակում էր կամ չգիտեմ՝ ո՞ր սենյակում էր, պատգամավորները գալիս և ստորագրում էին, այնտեղ շատ ակտիվ եղել է նաև ԱԺ ղեկավար կազմը: Ես գիտեմ, որ ստորագրահավաքից ԱԺ նախագահը տեղյակ եղել է»,- մանրամասնել է Քոչարյանը:
Հակադարձմանը՝ «ԱԺ նախագահն ուղիղ մեղադրել է Ձեզ, որ Դուք նիստը լավ չէիք վարում, եթե ինքը լիներ, այլ ձև կընթանար» (խոսքը ուժայինների մասնակցությամբ լսումների մասին է։- Մ.Պ.), այսինքն, կա՞ ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյան-Ալեն Սիմոնյան հակասություն, Քոչարյանն արձագանքել է.
«Չգիտեմ: Ես հակասություն չունեմ պարոն Սիմոնյանի հետ, նա ԱԺ նախագահն է, ես՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Պարզապես երկրում տիրող իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է: Բնականաբար, երբ հանձնաժողովն ակտիվ է և տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ և արդյունքներ, հանձնաժողովի և նրա նախագահի հեղինակությունը բարձրանում է: Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է, ինձ չի հուզում, ես տարիներ շարունակ այս ալիքների վրայով եկել եմ՝ և՛ եղել եմ իշխանություն, և՛ ընդդիմություն, ամեն ինչի միջով անցել եմ»:
Իսկ Անդրանիկ Քոչարյանի շուրջ զարգացումները դեռ չեն հանգուցալուծվել, ամեն ինչ դեռ առջևում է, և հայտնի չէ՝ արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանին ՔՊ-ականներին կհաջողվի հեռացնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, և նա էլ մանդատը վայր կդնի՞, թե՞ գուցե Նիկոլ Փաշինյանը հաշվի առնի 44-օրյային առնչվող Անդրանիկ Քոչարյանի ձեռքի տակ եղած տեղեկատվական և փաստերի լուրջ բազան:
Ի դեպ, 168.am-ը գրել է, որ հոկտեմբերին Անդրանիկ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին չի դիմել նամակով՝ Քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու նամակով, այն հիմա էլ նախատեսված է ներկայացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակին: