Քաղաքականության բացական և մանր մտածողության «փակ ցիկլը»
Հայաստանի խորհրդարանն արդեն մի քանի օր է, ինչ հանձնաժողովների մակարդակում ձեռնամուխ է եղել 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Շաբաթասկզբին մեկնարկած քննարկումը սկսեց կառավարության ղեկավարի «կոնցեպտուալ» եզրահանգումով, որ՝ «միայն պետությունն ունի պետական բյուջե»:
Սակայն պետական բյուջեի նախագծի ներկայացումը խորհրդարանում գործնական առումով թողնում է տպավորություն, որ մեր պետությունն ունենալով պետական բյուջե, չունի պետական տնտեսական քաղաքականություն: Համենայնդեպս, արդեն մի քանի օր շարունակվող բյուջետային քննարկումների ընթացքում խորհրդարանում չկա տնտեսական բանավեճ: Որովհետև չկա նաև բանավեճի առարկա՝ տնտեսական քաղաքականության կոնցեպտուալ ուղերձ, որպիսին պետք է լինի պետական բյուջեն:
Ուղերձ, թե ի՞նչ ուղենիշներով պետք է շարժվի Հայաստանի տնտեսությունը: Ուղերձ թե քաղաքացիներին, թե ներքին ու արտաքին ներդրողներին: Բյուջեի նախագիծը, որ ցանկացած պետության համար տարվա տնտեսաքաղաքական կարևորագույն փաստաթուղթն է, նաև գլխավոր հաղորդագրություն-առաջարկն է բոլոր նրանց, ովքեր ունեն ներդրումային ներուժ և պատրաստ են այն կիրառել Հայաստանում:
Բայց ո՞րն է 2025 թվականի պետական բյուջեի առանցքային ուղերձը: Որ 2025 թվականի ավարտին Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի հետ 49 տոկոս հարաբերակցությունից կհասնի 53 տոկոսի: Պետական բյուջեի նախագծով ծրագրվում է տարեկան 5-6 տոկոս տնտեսական աճ: Փաստորեն, գրեթե այդքան էլ աճելու է պետական պարտքը՝ գերազանցելով Հայաստանի ՀՆԱ 50 տոկոսը: Փաստացի ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն աճելու է պետական պարտքի հաշվին:
Դա ըստ էության նշանակում է, որ չկա տնտեսության արտադրողական ներուժ աճեցնող տնտեսական քաղաքականություն: Իսկ այնտեղ, որտեղ չկա հստակ, հասկանալի և ռազմավարական բովանդակությամբ տնտեսական քաղաքականություն, չեն լինում երկարաժամկետ և համակարգային արդյունաբերական ներդրումներ, ենթակառուցվածքային ռազմավարական ներդրումներ, որոնք կբարձրացնեն տվյալ պետության տնտեսական արտադրողականության գործակիցը:
Լավագույն դեպքում կարող են լինել վարկեր՝ պայմանավորված աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով, որոնք, սակայն, բարձրացնում են ոչ թե երկրի տնտեսական կենսունակությունը, տնտեսական ինքնաբավությունն ու անվտանգությունը, այլ պետական պարտքի ծավալը:
Խորհրդարանում բյուջետային քննարկումներին զուգահեռ՝ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց Հայաստանի 1000 խոշոր հարկատուների հերթական ցանկը: Ցանկին հայացք գցելը բավարար է Հայաստանում տնտեսական քաղաքականության բացակայությունն արձանագրելու համար:
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում կա ընդամենը երկու արդյունաբերական սուբյեկտ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն ավանդաբար տեղ է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատարների շարքում, և ծխախոտի արտադրության «Գրանդ տոբակո» ընկերությունը:
Խոշոր հարկատուների ցանկի առաջատար տասնյակի մնացած ներկայացուցիչները գերազանցապես առևտրի և ծառայությունների ոլորտի ընկերություններ են, որոնց մի զգալի մասի վիճակագրությունն էլ պայմանավորված է Ռուսաստանից, և դեպի Ռուսաստան՝ վերաարտահանումների հայտնի հանգամանքով: Եվ առևտրի ու ծառայությունների այդ գերակայությունը բնորոշ է 1000 խոշոր հարկատուների ամբողջ ցանկին: Ավելին, ցանկում հնարավոր է տեսնել անգամ պետական, կրթական հաստատություններ:
Դա խոսում է Հայաստանի տնտեսության «մանրության» մասին: Բայց, մեծ հաշվով, դա էլ զարմանալի չէ, որովհետև տնտեսության մասշտաբն ուղիղ համեմատական է այն մտածողության մասշտաբին, որը պետք է ձևավորի տնտեսական քաղաքականությունն ու դրա վերաբերյալ գլխավոր ուղերձները թե քաղաքացիներին, թե պոտենցիալ ներդրողներին:
Այդ մասշտաբի բացակայությունն ու մտածողական «մանրությունն» էլ օրինաչափորեն արտահայտվում է Հայաստանի պետական կարևորագույն փաստաթղթի՝ բյուջեի խորհրդարանական քննարկումներում, ամբողջացնելով «փակ ցիկլը»:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ