Եվրոպան մոտ է Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը. Bloomberg
Հունգարիան և Սլովակիան մոտ են Ադրբեջանի հետ դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, գրում է Bloomberg-ը։
Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները մտադիր են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանագիր ստորագրել, պատմել են հարցին ծանոթ աղբյուրները:
Ըստ առևտրային համաձայնագրի՝ ադրբեջանական պետական «Սոկար» էներգետիկ ընկերությունը գազ կմատակարարի ռուս-ուկրաինական սահմանին գտնվող Սուջա: Հունգարական MVM Zrt. և սլովակական Slovensky Plynarensky Priemysel AS-ն այդտեղից գազը կտեղափոխեն Եվրոպա։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել նույն գազատարի ցանցը, որով ռուսական գազն այժմ Ուկրաինայի տարածքով մատակարարվում է Եվրամիություն։ Ռուս-ուկրաինական տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է կանխատեսում անել եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման պայմանագրի հնարավոր ստորագրման հեռանկարների վերաբերյալ, գրում է kommersant.ru-ն։
«Ես և դուք գիտենք այն իրավիճակը, որի մասին նախագահը խոսել է Կազանում կայացած մամուլի ասուլիսում։ Այս տարեվերջին ավարտվող գազի տարանցման պայմանագրի վերաբերյալ հարց կա։ Թե ինչպես կշարունակեն զարգանալ իրադարձությունները, ինչպես են շարունակվելու ապահովել մատակարարումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան արդեն հայտարարել է, որ հրաժարվում է երկարաձգել այս համաձայնագիրը, ես հիմա չեմ կարող ասել»,- ասել է մամուլի քարտուղարը։