Լևոն Զուրաբյան. Հովհաննես Իգիթյանն ինքն իր ասածների լավագույն հերքումն է
Նախօրեին նախկին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է որևէ բան մտափոխել Ձեզ և անդամագրվեք ՀԱԿ կուսակցությունը, ասել էր. «Ես չեմ պատկերացնում իմ անդամությունն անձ կուսակցությանը: Անդամակցությունս, հավանաբար, մի հինգ րոպե կտևի մինչ այն պահը, երբ ես կհայտնեմ իմ կարծիքը, որը կարող է համահունչ չլինել անձի կարծիքին, ու ինձ անմիջապես կհեռացնեն կուսակցությունից: Ես չեմ կարող ամեն ինչ ընդունող ու ծափահարող անդամ լինել»:
Այս առնչությամբ 168.am-ը Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք նորաստեղծ կուսակցությունում այլակարծության համար սպառնո՞ւմ է կուսակցությունից հեռացումը:
Կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչո՞ւ է կոմպլեքսավորվել Հովհաննես Իգիթյանը: Հատկապես զարմանալի է իրենից նման բան լսել, որովհետև ՀՀՇ անդամակցության ամբողջ շրջանում միակ բանը, որը նա արել է՝ քննադատելն էր ու ըմբոստանալը ՀՀՇ-ին ու դոմինանտ տեսակետին: Սրա համար մենք իրեն շնորհակալ ենք: Ինքը երբեք չի հեռացվել, ավելին՝ մշտապես ընտրվել է ՀՀՇ վարչությունում: Նա գիտի, որ մեր թիմում միշտ էլ բանավեճի մթնոլորտ է եղել, ազատորեն արտահայտվել են բոլորը: Հիմա էլ կա գաղափափարական հենքի վրա ընթացող բանավեճ, կան մարդիկ, ովքեր նեղ դասական լիբարելազմի կողմնակիցներ են: Մեզ մոտ կա առողջ բանավեճ: Հովհաննես Իգիթյանն ինքն իր ասածների լավագույն հերքումն է: Թող գար կուսակցության համագումարին, իր տեսակետը հայտներ»:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Հովհաննես Իգիթյանին ոչինչ չէր խանգարում ներկայանալ համագումարին՝ որպես պատվիրակ ու բանավիճել իրենց հետ: Լ. Զուրաբյանը նկատեց, որ եթե Հովհաննես Իգիթյանը «հզոր հռետոր է, իր տեսակետները հաղթանակող են», ապա կարող էր այդ ամենը ներկայացնել համագումարի ժամանակ: