«Ես չեմ պատկերացնում իմ անդամությունն անձ կուսակցությանը»
Նախկին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ցավում է, որ Հայոց համազգային շարժումը փակվեց: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, թե ՀՀՇ-ն իր առաքելությունը չի ավարտել, ու որպես լիբերալ-ազատական-ժողովրդավարական գաղափարախոսությունը կրող միավորում՝ կարևոր դեր կարող էր ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում, ստեղծված ներքաղաքական իրավիճակում:
«ՀՀՇ-ում ես կարևորում էի որոշումների կոլեգիալ ընդունման եղանակը: Այդտեղ հավաքված էին անհատներ, որոնց քաղաքական բախման, բանավեճի ընթացքում էլ ծնվում էին որոշումները: Իսկ նորաստեղծ կուսակցության մեջ ես չեմ նկատել ո՛չ կոլեգիալ որոշումների ընդունման տարբերակը, ո՛չ լիբերալ-ազատական-ժողովրդավարական գաղափարախոսությունը»,- ընդգծեց Հովհաննես Իգիթյանը՝ ավելացնելով, որ ՀԱԿ կուսակցությունը լինելու է «անհատ կուսակցություն», ինչի ապացույցը կուսակցության վարչության կազմի ընտրությունն էր:
Նրա դիտարկմամբ՝ այն կուսակցությունը, որն ուզում է առնվազն նպաստել Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը, պետք է ունենա ներկուսակցական ժողովրդավարություն: Իսկ դրա բացակայությունը նման կուսակցություններում, ըստ նրա՝ մեծ բացթողում է. «Շատ դժվար է խոսել համապետական ընտրությունների ժողովրդավարության մասին, երբ ներկուսակցական ժողովրդավարություն չկա»: Հարցին, թե որպես նախկին ՀՀՇ անդամ` վիրավորական չէ՞ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից լսել որակումներ, թե՝ ՀՀՇ-ն դարձել էր «գեղի կլուբ», «աղանդ», որ այն «ինքնուրույն կուսակցություն չի եղել ու վերջին հինգ տարիներին սեփական նախաձեռնությամբ գոյություն չի ունեցել», Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես մարդկանց կարծիքից երբեք չեմ վիրավորվում: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ես էլ, ունենք մեր կարծիքի իրավունքը: Ցավում եմ, որ նման կարծիք ունի. ես համամիտ չեմ, ինչպես համաձայն չեմ նաև մի քանի այլ դիտարկումների հետ»:
Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿԿ համագումարում հնչեցրած հայտարարություններին՝ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նա հիշեցրեց, որ ժամանակին էլ ինքը դեմ է եղել ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը՝ ընդգծելով. «ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը միշտ էլ իրենց քայլերն արել են առնվազն ոչ ՀԱԿ-ի թելադրանքով կամ խորհրդով: Բոլոր քայլերը, որոնք Գագիկ Ծառուկյանը իրականացրել է, խոսքն իշխանական կոալիցիայից դուրս գալու, Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում չսատարելու և շատ այլ քայլերի մասին է, նա չի արել ՀԱԿ-ի խորհրդով:
Նույնիսկ Խաչատուր Սուքիասյանին կամ Գագիկ Ծառուկյանին իշխանական բուրգից հանելը կամ «պոկելը», ինչպես ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ին չհաջողվեց, էլ ուր մնաց` մտածել մնացած բուրժուաներին «պոկելու» ուղղությամբ: Չեմ կարծում, թե սա է կարևորը, ինչով պետք է զբաղվի քաղաքական կուսակցությունը: Իսկ քաղաքական կուսակցությունը, կարծում եմ, պետք է նպատակ ունենա շարքային քաղաքացուն ցույց տալու, որ իր գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների, ժողովրդավարության, երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ»:
Հովհաննես Իգիթյանն ընդգծեց, որ ՀԱԿ դաշինքի գործունեության պատճառով էր, որ փակվեց ՀՀՇ-ն ու նվազեց ժողովրդի աջակցությունը շարժմանը: «Ես բազմիցս արձանագրել եմ այս փաստը, բայց ենթարկվում էի ամենատարբեր քննադատությունների: Հիմա ուրախ եմ, որ կա Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կարողացավ արթնացնել ժողովրդի բողոքը: Համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, թե «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական հիմք չունի: Այսօր քաղաքներում մարդիկ բարձրաձայն հայտնում են իրենց բողոքն այս իշխանությունների դեմ: Այս տաբուն ջարդվեց: Մարդն այլևս չի ասում, թե ուզում է Րաֆֆի նախագահ կամ Լևոն նախագահ, այլ՝ բարձրաձայնում է, որ հոգնել է այսպես ապրելուց, ըմբոստանում է իշխանությունների դեմ՝ անելով դա հանգիստ, առանց ըմբոստության: Սա է Րաֆֆի Հովհաննիսյանի ֆենոմենը, որը չտեսնել հնարավոր չէ»,- մասնավորեցրեց նա:
Իսկ ինչ վերաբերում է իր անդամագրությանը ՀԱԿ կուսակցություն, ապա Հովհաննես Իգիթյանն, ի պատասխանը մեր հարցին, թե կարո՞ղ է որևէ բան մտափոխել Ձեզ, որպեսզի հետագայում անդամագրվեք ՀԱԿԿ-ին, ասաց, թե ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին ինքը կուսակցության մեջ չի գտնում իր պատկերացումներին համահունչ գաղափար Հայաստանի զարգացման հարցում: «Ես չեմ պատկերացնում իմ անդամությունն անձ կուսակցությանը: Անդամակցությունս, հավանաբար, մի հինգ րոպե կտևի մինչ այն պահը, երբ ես կհայտնեմ իմ կարծիքը, որը կարող է համահունչ չլինել անձի կարծիքին, ու ինձ անմիջապես կհեռացնեն կուսակցությունից: Ես չեմ կարող ամեն ինչ ընդունող ու ծափահարող անդամ լինել»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
«168 ԺԱՄ»