Երեք դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել ամուսինների նկատմամբ՝ հափշտակելով գումար և ոսկեղեն

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք՝ դանակներով զինված, մուտք են գործել Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի 12 տուն, որտեղ էլ պարանով կապել են տան բնակիչներ՝ ամուսիններ՝ 56-ամյա Մռազ Քոչարյանին և 55-ամյա Սեյրան Ջալիլյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործները, ծեծի ենթարկելով ամուսիններին, տնից հափշտակել են 2,5 մլն դրամ և ոսկյա և արծաթյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օր.-ի 175 հոդվածի 2 մասի (ավազակային հարձակում) հատկանիշներով:

Քննիչի կողմից տուժող ամուսիններին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս