Էդվարդ Նալբանդյանը լքում է տարածքը. մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով արդեն մի քանի տարի է, բնակվում է կառավարական ամառանոցներում, սկսել է «կարգի բերել» Թումանյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը:
Թե ինչով է դա պայմանավորված, դեռ հայտնի չէ: Երեկ, երբ մեր թղթակիցը ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից մեկնաբանություն է խնդրել վերոնշյալ տեղեկությունների կապակցությամբ, վերջինս ասել է, թե դա անձնական հարց է և ինքը չի մեկնաբանում:
Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ նոր կառավարության մեջ Սերժ Սարգսյանը մտադիր չէ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում թողնել Է. Նալբանդյանին: Տեսակետները սակայն, տարբեր են. այլ աղբյուրներ էլ պնդում են, որ Նալբանդյանը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ ինչ կապ ունի այս ամենի հետ Թումանյան փողոցի տունը, կարելի է կռահել: Տեղեկություն կա, որ Նալբանդյանը պատրաստվում է դուրս գալ կառավարական ամառանոցներից»: