Բաժիններ՝

Վրաստանի ընտրատեղամասերից մեկը փակվել է․ ԿԸՀ նախագահն ընտրական հանձնաժողովին կոչ է արել պարզել իրավիճակը

Վրաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների նպատակով բացված ընտրատեղամասերից մեկը՝ Մարնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Մինչ այդ` տեղամասից կադրեր էին հրապարակվել, որտեղ ընտրողներից մեկը քվեաթերթիկներ է նետում քվեատուփը։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։

Այս դեպքի տեսագրությունը հրապարակած անձը նշել է, որ դիտորդները, նախ, ֆիզիկական բռնության են ենթարկվել, ապա` վտարվել տարածքից։

Նշենք, որ ԿԸՀ նախագահն արձագանքել է Մարնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մարնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։

«Սա մտահոգիչ տեղեկություն է, և վարչակազմը թույլ չի տա, որ նման միջադեպերը խաթարեն ընտրությունների օրվան ընդառաջ ամիսներ շարունակ մեր ներդրած ջանքերը:

Ուզում եմ ահազանգել և խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել ստեղծված իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել և համապատասխան որոշում կայացնել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամաս, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը`արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություն/միավորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս