Սեփականության վկայականի տակ կարող է նաև հիմք չլինել. Փաշինյանը՝ կիրանցեցիների տները Ալիևին հանձնելու մասին

Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմնավորամբ են ՀՀ սուվերեն տարածքից՝ Տավուշի մարզի Կիրանց համայնքից, հողամասերը տրվել Ադրբեջանին, ի՞նչ հիմնավորմամբ են քաղաքացիների՝ սեփականության իրավունքով տրված վկայականներն ու գույքը վերցվել, ի՞նչ իրավական փաստաթղթերի հիման վրա են հսկիչ էլեկտրոնային քարտեզներում գաղտնի կատարվել համապատասխան փոփոխություններ։ Պատգամավորը, ի դեպ, բերել էր նաև համապատասխան քարտեզները։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցին մի քանի անգամ անդրադարձել է, սակայն դարձյալ սեփական համոզումը ներկայացրեց․

«ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր դուրս չի մնացել սահմանազատման գործընթացի արդյունքում։ Ինչ վերաբերում է ձեր նշած փաստերին, ես նախորդ հարցուպատասխանի ժամանակ դրան անդրադարձել եմ․ մենք բոլոր դեպքերով ուսումնասիրություն ենք իրականացրել Կիրանցի ու մյուս հատվածներով էլ և որևէ դեպքով դրա օրինական հիմքերը չեն գտնվել։ Տեղյակ եք՝ մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի ձեր ասած փաստաթղթերի ծագումնաբանությունը պարզաբանվի։ Կպարզվի, այդ ժամանակ էլ կխոսենք։ Այս պահի դրությամբ, մենք չունենք տեղեկություն»։

Արման Ղազարյանն արձագանքեց՝ նկատելով. «Ըստ էության, դուք իմ հարցի պատասխանը չհնչեցրեցիք, որովհետև այդ իրավահաստատող փաստաթղթերի հիմքում, որոնք ստացել են պետական գրանցում, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն է և 1996 թվականին առաջին պետական գրանցման կարգը սահմանելու մասին մի շարք օրենսդրական դրույթներ, որոնցում ամրագրվել է քաղաքացիների սեփականության իրավունքը։

Կարդացեք նաև

Այսինքն՝ դուք, առանց ուսումնասիրելու, խախտելով Սահմանադրության 60 հոդվածի 2-րդ կետը, հակաօրինական ճանապարհով քաղաքացիներին զրկել եք իրենց սեփականության իրավունքից՝ կանչելով մարզպետարաններ, որպեսզի չստորագրված լիազորագրեր տրամադրվեն, ինչի հիմքով փորձում եք կատարել այդ հիմնավորումները։

Ես ասում եմ՝ հսկիչ էլեկտրոնային քարտեզներում 57 միավոր գույք, որ ընդգրկված են Կիրանցի հողային հաշվեկշռում, ի՞նչ հիմքով է փոփոխվել»։

Նիկոլ Փաշինյանն այս հստակեցմանն ի պատասխան՝ վիճարկեց Արման Ղազարյանի՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը կարդալ-չկարդալու հանգամանքը։

«Եթե կարդայիք օրենքը, կտեսնեիք, որ Ձեր նշած վկայականի ճշգրտությամբ նկարագրություններ այնտեղ չկան։ Երկրորդը՝ եթե ձեր բարձրացրած հարցը վերաբերում է վկայականներին, ես, իհարկե, ոչ թե կոնկրետ դեպքի մասին եմ ասում, բայց ուզում եմ մի դեպքի մասին հիշեցնել, որը պատահաբար բացահայտվեց․ վերջերս բացահայտվեց, որ Երևանի Նորքի անտառներում համայնքային նշանակության հողերի վրա տրվել են սեփականության վկայագրեր՝ առանց որևէ հիմքի: Այդ փաստի առիթով քրեական գործ հարուցվեց, և հիմա այդ հողերի վերադարձը պետությանն ընթացքի մեջ է,- ասաց նա՝ ապա հավելեց,- Մենք այսօր փաստ ունենք․ սեփականության վկայագիրը կարևոր փաստաթուղթ է, բայց կարող է լինել այնպես, որ դրա տակ հիմք չլինի։ Կարող է պարզվի՝ դա այնքան էլ օրենքով սահմանված կարգով չի տրվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս