Բաժիններ՝

Վովա Գասպարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. Ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում. մամուլ

Երեկ Վովա Գասպարյանը հերթական «օրիգինալ» քայլն էր մտահղացել՝ պատմական շուք հաղորդել ոստիկանության տոնին և այս տարվա «ամյակը» հաշվարկել Առաջին հանրապետության ժամանակներից: Եվ ստացվել էր, որ այս տարի նշվում է ոստիկանության 95-ամյակը:

Թվում էր, թե միջոցառման կոլորիտն էլ էր 20-րդ դարին հարիր լինելու, սակայն ոստիկանապետը չէր կրել անգամ 21-րդ դարի՝ իր իսկ կողմից այդքան փառաբանված, բարեփոխված ոստիկանի համազգեստը:

Նա միակն էր, ով ոստիկանության շենքից դուրս եկավ Արամ Մանուկյանի արձանի մոտ ու մասնագիտական տոնը շնորհավորեց քաղաքացիական հագուստով:

Տոնը նախկիններից մեկ բանով էլ էր տարբերվում՝ նախօրեին ազդարարվել էր Ներսես Նազարյանի պաշտոնանկության «բոթը», ինչն իսկական սենսացիա էր, քանի որ իշխանության ու օլիգարխիայի հետ սերտաճած բարձրաստիճան ոստիկանն անպարտելի էր թվում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու ներկայացնում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ հարցազրույցը.

– Պարոն Գասպարյան, Ներսիկ Նազարյանը պատահական պաշտոնյա չէր, ամուր թիկունք և կապեր ուներ, ի՞նչը պատճառ դարձավ նրան պաշտոնանկ անելու:

– Ես չեմ գտնում, որ պաշտոնանկ անելը կամ պաշտոնին նշանակելը հատուկ երևույթ է: Բազում անգամ լսած կլինեք, որ մենք զինվորականներ ենք, և մեզ համար կարևորը հրամանն է: Կհրամայեն աշխատել այստեղ՝ կգնանք կաշխատենք այստեղ, կհրամայեն այնտեղ՝ կգնանք կաշխատենք այնտեղ:

– Այդ հրամանները հիմք են ունենում, չէ՞, ո՞րն էր նրան հեռացնելու հիմքը:

– Ձեր լրագրողական կոլեկտիվում երբ աշխատանքային որոշումներ են կայացվում, դուք հրամցնո՞ւմ եք հասարակությանը: Դուք դա չեք անում, գոնե մենք անում ենք…

– Եթե այդ անձը հասարակության կյանքում առանցքային նշանակություն ունենա, իհարկե, կներկայացնենք:

– Օրինակ, այդ կապակցությամբ լրատվամիջոցներով տալիս ենք մեկնաբանություններ, մենք բաց ենք, ուղղակի աշխատանքային փոփոխություն էր դա: Ինչ է, յուրահատուկ մա՞րդ է Նազարյանը:

– Դե, իշխանությունների հետ սերտաճած, ամուր դիրքերով պաշտոնյա էր:

– Ես էլ եմ, հա՞, սերտաճած ուրեմն, Ռազմական ոստիկանության պետն եմ եղել, պաշտպանության փոխնախարար, ոստիկանապետ:

– Պարոն Գասպարյան, որպես պատճառ, շրջանառվում են ֆինանսական մեքենայությունների մեջ Նազարյանի ներգրավված լինելը: Դա՞ է, թե՞ այլ պատճառներ կան:

– Չեմ կարծում, որ էսօր այն օրն է, որ մեկնաբանություններով զբաղվենք, երկրորդը՝ մամուլը հենց ազատ է նրանով, որ ինչ ուզում գրում է, հետո ժխտում կամ հաստատում…

– Շատ խորհրդանշական էր մասնագիտական տոնից մեկ օր առաջ Նազարյանի պաշտոնանկության հրամանը, դիտավորյա՞լ էր այդպես արված:

– Ոստիկանության օրը դա աշխատանքային տոն է նախևառաջ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ մի օր չաշխատի ոստիկանությունը: Այնպես որ, դա աշխատանքային տոն է, և ես փիլիսոփայորեն եմ մոտենում նման երևույթների, քեֆի, կերուխումի սիրահար չեմ, դրա համար դա իմ համար ավելի շատ աշխատանքային օր է: Ընդամենը մի քանի ժամով կտրվում եմ, գնահատում մեր աշխատակիցների աշխատանքը…

– Պարոն Գասպարյան, մի քանի տարբերություն կամ գոնե մեկը կնշե՞ք Ներսես Նազարյանի և Աշոտ Կարապետյանի միջև, ո՞րն էր վերջինիս առավելությունը, որ արժանացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնին:

– Հենց միայն նա, որ ավելի երիտասարդ է: Իսկ երիտասարդությունը դա առավելություն է և ոչ թե թերություն: Իսկ ժամանակին, երբ ես 30-31 տարեկան հասակում աշխատում էի ներքին գործերի համակարգում, ինձ էլ էին մեղադրում երիտասարդ լինելու մեջ: Այնպես որ, երիտասարդ լինելու համար էլ նշանակվել է Երևան քաղաքի պետ: Ես չեմ կարծում, որ երկար աշխատելը նույն տեղում ու նույն կարգավիճակում օգուտ է համակարգին, դա վնաս է, այնպես որ, ես տեղաշարժումների կողմնակիցն եմ, իսկ 10 տարին երկար ժամանակ էր, չի կարելի հանդուրժել նման բան, փոփոխություններ են պետք:

– Բայց դրանք ընդամենը տեղափոխություններ են: Ի՞նչ տարբերություն՝ այդ պաշտոնը Ներսես Նազարյա՞նն է զբաղեցնում, թե՞ Աշոտ Կարապետյանը:

– Աշոտ Կարապետյանը երիտասարդ է, շատ լավ տիրապետում է մասնագիտական հմտություններին, ինչը ես բարձր եմ գնահատում: Երևան քաղաքին շատ արագ փոփոխություն էր պետք, ինչի հարցում ես միգուցե մի քիչ ուշացել եմ:

– Ոստիկանի օրվա Ձեր ուղերձի մեջ մի ուշագրավ արտահայտություն կար՝ «մեր խոսքը գործ է»: Կարծես կրկնել եք Գագիկ Ծառուկյանի կարգախոսը…

– Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը մեր կարգախոսն է վերցրել: Էդ հարցն իրեն կտաք՝ ինչո՞ւ է Ձեր խոսքը գործ, չէ՞ որ ոստիկանության խոսքն է գործ:

– Եթե մարտի 1-ին լինեիք ոստիկանապետ ու գնայիք ժողովրդի մեջ, Ձեզ կհաջողվե՞ր որևէ բան կանխել:

-…Չգիտեմ, չեմ ուզում ենթադրություններով խոսել, միգուցե ավելի վատ լիներ, միգուցե ավելի լավ, դա պետք է զգալ: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պիտի լինես տեղում, շունչը պիտի զգաս, չէ՞ որ երկու կողմում էլ դուք եք, չէ՞ որ ոստիկանը բոլորի ոստիկանն է, ո՞վ է ասում, որ կարելի է պատժել քաղաքացուն, շատ խիստ պատժել, նվաստացնել, ոչնչացնել, չի կարելի նման բան անել:

– Ոստիկաններն ապրիլի 9-ի կեսօրին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այդպես էլ վարվում էին ցուցարարների հետ՝ բռնություններ կիրառում նրանց նկատմամբ: Ինչո՞ւ չեք պատժում ոչ իրավաչափ գործող ոստիկաններին:

– Պատժելը բարեփոխումների գլխավոր խնդիր ես չեմ համարում, այ, նայեք, շուրջ 10-12 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել: Վարչության պետի տեղակալը, ուղղակի իմ կողքին կանգնած էր, ու քարով հարվածեցին նրա գլխին: Իսկ ես տեսա նրանց մոտ հանդուրժողականություն ու կարեկցանք հասարակությունից քար նետողին… Իսկ եթե ինչ-որ տեղ ինչ-որ դրվագ էլ իրավաչափ չի եղել, թող ներեն ինձ, որովհետև ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան ես չեմ հասցրել անել…

– Պարոն Գասպարյան, Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ համագումարում անդրադառնալով ապրիլի 9-ի հանրահավաքին իրենց չմիանալուն, ասել էր. «Միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հենց իրենց՝ ընդդիմությանը մեջբերեմ. Լևոն Տեր-Պետրոսյանը տարիքով մարդ է, դա իր կարծիքն է, իսկ մեծ հաշվով ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում… քաղաքական…: Եթե հավատքը ժամանց է, ուրեմն դեռ մեռելներից հարություն չեն առել:

– Արդյո՞ք հնարավոր է հավատքն ու ոստիկանապետի պաշտոնը համատեղել:

– Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացուն է պետք հավատքը: Հավատքով մարդը դավաճան չի լինում, սրիկա չի լինում, արնախում չի լինում, չի թաթախվում արյունների մեջ, չի փնովում ուրիշներին, ողջերին չի թաղում, հավատքով մարդը հանդուրժող է, բայց դա չի նշանակում, որ հավատքով մարդը գառ է, որ ով դանակն առնի ու հասնի… Ո՛չ, հավատքով մարդը զորավոր է… Եվ բոլոր նրանք, ովքեր ծաղրում են մեր աղոթքը, թող Աստված իրենց արածով իրենց դատի, ներողամտությունն էստեղ ավելորդ եմ համարում:

Գայանե Սարիբեկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս