Հնդկաստանը, Բրազիլիան և աֆրիկյան երկրները պետք է դառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ. Լավրով
Այնպիսի երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, նրանց հետ միասին նաև Աֆրիկայի ներկայացուցիչները, վաղուց պետք է մշտական հիմունքներով լինեին Անվտանգության խորհրդում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա, դա անհրաժեշտ է «համաշխարհային մեծամասնության ներկայացուցչականությունը, ներկայացվածությունն ապահովելու համար»։
Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող մշտական անդամները հինգ երկրներ են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը։
2023 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման օգտին են արտահայտվել նաև Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD; Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա) առաջնորդները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մշտական անդամներ պետք է դառնան նաև Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը և Բրազիլիան, գրում է «Коммерсантъ»-ը։