«Գյումրեցի ընկերները» դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին
Գյումրի քաղաքի ավագանու նիստի օրակարգն հաստատելուց հետո քննարկվել է Գյումրու այս տարվա բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքը: Զեկուցողը` քաղաքապետարանի ֆինանսների վարչության պետ Լենա Ջիլավյանը, ներկայացրել է բյուջեի մուտքերն ու ծախսերը: Եկամուտների հավաքագրում առաջին եռամսյակում 100 տոկոսով չի կատարվել, պատճառը սոցիալական խնդիրներն են: Անդրադարձ է կատարվել նաև քաղաքապետարանի ունեցած պարտքերին:
Նշվել է, որ աշխատավարձային պարտքերի մեծ մասը մարվել են արդեն: Իսկ «Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպությունը, որը Գյումրիում փողոցաշինական աշխատանքներ է իրականացրել, դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին` կազմակերպությանն ունեցած աշխատավարձային պարտքերը չվճարելու համար: «Սա այն կազմակերպությունն էր, որին, ինչպես ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում պարզվեց, քաղաքապետարանը պարտք չունի, հիմա դատի են տվել քաղաքապետարանին»,-նշել է Լենա Ջիլավյանը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, նշված ընկերության աշխատակիցները Գյումրու քաղաքապետարանից պահանջում էին վճարել իրենց նախորդ ամիսներին Գյումրիում կատարած ասֆալտապատման աշխատանքների դիմաց:
Մի քանի անգամ բանվոր-շինարարները նաև բողոքի ակցիա են կազմակերպել Գյումրու քաղաքապետարանի դիմաց, հանդիպում պահանջել Սամվել Բալասանյանի հետ: Սակայն քաղաքապետարանից շարունակում են պնդել, թե փաստաթղթային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրանց քաղաքապետարանը գումար պարտք չէ: