Վրաստանի խորհրդարանական ընտրությունները բախտորոշ են. ցանկացած ապակայունացում ուղիղ հարված է Հայաստանին. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադարձել է առաջիկայում Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:
«Այն, որ Վրաստանը նախ՝ Բիձինա Իվանիշվիլու, ապա՝ ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետի մակարդակով հայտարարեց, որ պատրաստ է ներողություն խնդրել 2008թ․ պատերազմի համար, խոսում է այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար մեծ նշանակություն ունեն։ Այդ ընտրությունները շատ կարևոր են նաև Հայաստանի համար, որովհետև տարածաշրջանի ցանկացած ապակայունացում նաև մեզ համար է հղի վտանգներով»,- մասնավորապես ասել է քաղաքական վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի, եթե Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողանա պահպանել դիրքերը։
«Արևմուտքին Վրաստանի բալանսավորված քաղաքականությունը չի հետաքրքրում, իսկ Ռուսաստանի համար դա նշանակություն ունի։ Մենք պետք է պատրաստ լինենք վրացական ընտրություններին։ Լոգիստիկ անվտանգության հարցը պետք է լուծել։ Մեծ է հավանականությունը, որ կապված Վրաստանի իրավիճակի հետ՝ մենք մեր լոգիստիկ քաղաքականությունը կիրականացնենք ավելի շատ հարավով»,- նշել է Հակոբ Բադալյանը:
Քաղաքական վեևրլուծաբանը նաև հետաքրքիր զուգահեռ անցկացրեց Ռուսաստանի Դաշնության որդեգրած քաղաքականության միջև՝ օրինակներ բերելով մի կողմից՝ Լուգանսկի ու Դոնեցկի, մյուս կողմից՝ Աբխազիայի և Օսիայի պարագաների միջև:
«Ինչո՞ւ Ռուսաստանը, որը Լուգանսկի ու Դոնբասի պարագայում գնաց միացման ճանապարհով, նույնը չարեց Աբխազիայի և Օսիայի դեպքում։ Ես վարկած ունեմ, որ Ռուսաստանն այդ ռեսուրսը դիտարկել է՝ որպես Վրաստանի հետ հարաբերություններ կառուցելու միջոց։ Վերջերս նույնիսկ Ռուսաստանն Աբխազիայում կտրեց սոցիալական վճարների վճարումը»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: