Քրեական գործ կա, բայց մեղադրանք չկա. «Մարտի 1»-ի դատավարությունն իրավական «նոր բարձունքներ» է նվաճում

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի վերաբացված գործի քննությունը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն դատարանից:

Պետրոսյանը, ինչպես տեղեկացրել է մամուլն ավելի վաղ, պարզվում է, 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից: Համացանցում առկա են տեսանյութեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում է իր թիմակիցներին և պատգամավորի թեկնածուներին, որոնցից մեկը Սարգիս Պետրոսյանն է:

Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ քրեական գործ կա, բայց մեղադրանք չկա: Այս մասին բարձրաձայնեցին բոլոր մեղադրյալների պաշտպանական թիմերը, ինչպես նաև ինքը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կարդացեք նաև

Վերջինս ասաց՝ ինքն առհասարակ կարող էր ընդհանրապես ներկա չլինել դատավարությանը, և իր այսօրվա ներկայանալը բարի կամքի դրսևորում է:

2-րդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանն էլ նկատեց՝ բնության մեջ չկա 300.1 հոդված:

«Չի կարող դատարանում լինել քրեական գործ, որտեղ չկա մեղադրանք»,- ասաց նա:

Դատավոր Պետրոսյանը, սակայն, առաջարկում էր քննել բացարկի միջնորդությունները, նոր անդրադառնալ նշված հարցին:

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, սակայն, դիմելով դատավորին, ասաց՝ չի հասկանում՝ իրենք այստեղ ինչ են անում, ինչու են բոլորին հավաքել, բերել այստեղ, և ով պետք է լինի բացարկ հայտնողը, եթե չկան մեղադրյալներ:

Դատավարության ժամանակ ապահովված էր նաև շոուի տարրը: Մասնավորապես դահլիճում՝ որպես «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի իրավահաջորդ ներկայացած Սարգիս Քլոյանը, ով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի ակտիվ համակիր է, և ում դուստրը՝ Անուշ Քլոյանը, Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ է, հայտարարեց, որ պետք է ավելացնել ևս մեկ մեղադրանք՝ ահաբեկչություն, որի ապացույցներն ինքը կարող է ներկայացնել:

168.am-ը դեռևս 3 ամիս առաջ էր գրել, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սահմանադրական դատարանը որոշեց.

1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Սա նշանակում էր «Մարտի 1»-ի գործի վերաբացում: Ուշագրավ էր, որ այդ որոշման կայացմանը ՍԴ-ում մասնակցել էին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ արդեն իսկ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ու, որ առավել հետաքրքրական է, «Մարտի 1»-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, այժմ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Տեսանյութեր

Լրահոս