«Նոր Թուրքիա» քարտեզում Թուրքիայի տարածքում են ներառվել նրա գրեթե բոլոր հարևանների տարածքները

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Milliyet թերթը մարտի 23-ին հրապարակեց «Նոր Թուրքիա» քարտեզը, որի հեղինակները բավականաչափ դուրս էին եկել ներկայիս Թուրքիայի սահմաններից և նրա տարածքում էին ներառել նաև Կիպրոսը, Սիրիայի ու Իրաքի հյուսիսային շրջանները, Բուլղարիայի ու Հունաստանի հյուսիսային հատվածները, ինչպես նաև որոշակի տարածքներ Ադրբեջանից ու Վրաստանից:

Այս քարտեզը պարունակող հոդվածում խոսվում է նախկին Օսմանյան կայսրության տարածքներում նոր, հզոր պետության ստեղծման մասին: Թուրքական թերթն այդ հոդվածն ու քարտեզը հրապարակել է այն բանից հետո, ինչ մարտի 21-ին քուրդ առաջնորդ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին կոչ արեց դադարեցնել զինված պայքարն ու անցում կատարել ժողովրդավարական պայքարին:

Դա փաստացիորեն արձակեց Անկարայի ձեռքերը: Հոդվածի հեղինակները պնդում են, որ PKK-ի զինյալներին Թուրքիայի տարածքը լքելու մասին Աբդուլլահ Օջալանի արած կոչն առաջին քայլն է՝ վերադարձ կատարելու համար «հին և բարի ժամանակներին», երբ թուրքերն ու քրդերը համատեղ պայքարում էին հույների և փոքրասիական տարածաշրջանի մյուս քրիստոնյաների դեմ (խոսքը գնում է հայերի, հույների, ասորիների և քրսիտոնյա այլ ժողովուրդների ցեղասպանության մասին):

Milliyet-ի լրագրողների այս մտքերը շարունակեցին թուրքական մեկ այլ խոշոր թերթի՝ Hürriyet-ի նրանց գործընկերները: Գրեթե միաժամանակ Hürriyet-ում լույս տեսավ «Մեծ Թուրքիա» խորագրով հոդվածը. «Հույները պարտվել են բոլոր ճակատներում և չունեն պատմական հեռանկարներ: Ե՛վ Հունաստանը, և՛ Կիպրոսը պարզապես ի վիճակի չեն բավարարել իրենց հավակնություններն Էգեյան ծովի շելֆում գտնվող նավթահանքերի ու գազահանքերի մշակման հարցում:

Հետևաբար նրանք կանգնած են լիովին կրախի առջև: Միակ բանը, որ մնում է նրանց, դա Թուրքիայի կողմից ողորմածության մասին հուսալն է, որը կարող է գթալ և համաձայնվել նրանց հետ մի փոքր կիսել Միջերկրական ծովի էներգետիկ հարստությունները»:

Տեսանյութեր

Լրահոս