Բաժիններ՝

Բոստոնի պայթյուններն ԱՄՆ-ի տարածքում առաջին ահաբեկչությունն են 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո (տեսանյութեր)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բոստոնում ուղիղ մարաթոնի եզրափակիչ փուլի ժամանակ գրանցված երկու պայթյունները դարձան ԱՄՆ-ի տարածքում առաջին ահաբեկչությունը «Ալ Քաիդայի» կողմից 2001 թվականի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերի, Պենտագոնի ու Սպիտակ տան վրա կազմակերպած հարձակումներից հետո, որոնց զոհ գնաց գրեթե 3000 մարդ:

Երեկ ԱՄՆ արևելյան ծովափնյա գոտում տեղական ժամով ժամը 2.50-ին 12 վայրկյան տևողությամբ պայթեցվել է երկու ինքնաշեն պայթուցիկ սարք: Դրա հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 3 մարդ, այդ թվում նաև 8 տարեկան մի երեխա, վիրավորվել է ավելի քան 140 մարդ: Այդ պայթյունները պաշտոնապես որակվել են որպես «կոորդինացված ահաբեկչական հարձակում»:

Իր ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Մենք դեռ չգիտենք, թե ով և ինչու է դա արել: Մենք չպետք է շտապենք եզրակացություններ կատարելիս: Սակայն անկասկած է, որ մենք դա պարզելու ենք մինչև վերջ, կփնտրենք նրան, ով արել է դա և կստիպենք պատասխան տալ դրա համար»:

Օբաման կոչ է արել աղոթել աղետից տուժածների համար: Ենթադրվում է, որ ռումբերը գործի են դրվել հեռակառավարմամբ՝ բջջային հեռախոսի օգնությամբ: Այդ պատճառով էլ պայթյուններից մոտ 40 րոպե անց Բոստոնում անջատվել է բջջային կապը՝ բացառելու համար մյուս պայթուցիկ սարքերի գործարկման հնարավորությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս