Փաշինյանին իրենց մոտ կանչեցին․ երևում է, թե ով է հրամայողը, ով՝ կատարողը․ թուրքագետ

Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիբ Էրդողան նախօրեին կայացած հանդիպումը շարունակում է մնալ հետաքրքրությունների կիզակետում՝ ինչպես հանդիպման դեռևս մասնակի բացահայտված բովանդակության տեսանկյունից, այնպես էլ՝ հանդիպման վայրի։

Հրապարակումների համաձայն՝ հանդիպման ընթացքում Էրդողանը նախ ընդգծել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված «զգալի առաջընթացը» ու հայտնել երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, ապա վերահաստատել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

Դռնփակ հանդիպումը կայացել էր Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը», որը համարվում է թուրքական դիվանագիտական առաքելությունների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ թուրքական մշակութային գործունեության կենտրոն։ Հանդիպման ընթացքում Էրդողանը Փաշինյանին նվիրել էր իր հեղինակած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

168am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց Փաշինյանի՝ այլ երկրի դիվանագիտական տարածքում հանդիպման գնալու պատճառների և Թուրքիայի նախագահի ակնարկած «արդարության» մասին։

Կարդացեք նաև

«Իրենք իրենց մոտ կանչեցին։ Այսինքն՝ նորից տեսանք, որ Փաշինյանը գնաց Էրդողանի մոտ, ինչից էլ երևում է, թե ով է բարձր կանգնած և ով՝ ցածր, ով է հրամայողը, ու ով՝ կատարողը։ Այս հանդիպումից շատ բան սպասել պետք չէ, որովհետև ինչ որ կա, ու թե ինչ է գալու, դա էլ գիտենք,- նշեց թուրքագետը՝ մանրամասնելով,- Կոնկրետ չենք կարող ասել, թե հստակ ինչ են խոսել իրար մեջ, բայց հերթը հիմա Սյունիքինն է․ իրենք հիմա Սյունիքի վրա են խաղում»։

Տիրան Լոքմագյոզյանն ընդգծեց, որ «Արցախը տանք՝ փրկվենք»-ի նմանությամբ՝ «Սյունիքը տանք՝ փրկվենք»-ն էլ իրականություն չի դառնա, ու դրան կհաջորդեն ադրբեջանաթուրքական տարածքային այլ նկրտումներ, այդ թվում՝ Տավուշի, Գեղարքունիքի և անգամ Շիրակի մարզերի նկատմամբ։

«Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքն, ըստ մասնագետի, թուրքական տեսակետը պարտադրելու փորձ է։

«Երբ ասում են՝ խաղաղություն կլինի, իրենց պատկերացրած խաղաղությունը նկատի ունեն՝ ինչպես «արցախյան խաղաղությունը», իրենց պատկերացրած արդարությունն արդարություն է իրենց համար և ոչ թե՝ մեզ համար։ Պետք է ճիշտ կարդալ այդ խոսքերը»,- նկատեց նա։

Ի դեպ, «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքն անդրադառնում է համաշխարհային խաղաղության և արդարության հարցերին։ Գրքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ելույթի քաղվածքներն են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաև առաջարկներ՝ հեռանկարում համաշխարհային խաղաղության ապահովման համար:

Տեսանյութեր

Լրահոս