Արցախի հայաթափումից մեկ տարի անց․ քաղաքակա՞ն, թե՞ իրավական դաշտում է արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը

Այսօր լրանում է Արցախի հայաթափման և Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած հատուկ ռազմական գործողության ծանր մեկ տարին։ Եվ չնայած ՀՀ իշխանությունները, Ադրբեջանը Արցախի հարցը, արցախահայության՝ Արցախ վերադառնալու, արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը «փակված են» համարում, հայ ժողովրդի, արցախահայության, միջազգային հանրության, իրավական ակադեմիական մի շարք շրջանակների համար հարցն ամենևին փակ չէ, ավելին, արցախահայության իրավունքների վերականգնման գլխավոր պայքարը միջազգային ատյաններում և կազմակերպություններում դեռ առջևում է։

ՀՀ ԱԳՆ-ն այսօր հաղորդագրություն տարածեց՝ տեղի ունեցածը որակելով Ադրբեջանի հարձակման հետևանքով էթնիկ զտում։ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ, սակայն, չի անդրադարձել արցախահայության՝ Արցախ վերադառնալու և մնացած իրավունքների մասին հարցին, այլ կրկին շեշտը դրել է ՀՀ-Ադրբեջան Խաղաղության, այսպես կոչված, օրակարգի և խաղաղության հաստատման վրա՝ մի իրավիճակում, երբ Ադրբեջանը մերժում է ՀՀ-ի՝ համաձայնագիրը ստորագրելու առաջարկը՝ Երևանի առջև դնելով սահմանադրական փոփոխություններ կատարելու, ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու պահանջները։

Չէ՞ որ հենց Փաշինյանի իշխանությունն իջեցրեց Արցախի կարգավիճակի «նշաձողը», հրաժարվեց բարձրացնել կարգավիճակի հարցը, խոսելով միայն Ղարաբաղի ժողովրդի ինչ-որ անորոշ անվտանգության և իրավունքների մասին, սակայն այսօր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նույնիսկ այդ մասին որևէ խոսք չկար։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂ հայության վերադարձի պահանջի ձևակերպումը, եթե այդպիսի ցանկություն կա, իրավական և առավելապես քաղաքական-դիվանագիտական հարց է, որը ներկայումս բավականին բարդ հարցերի հետ կապ ունի։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, քաղաքական հարթությունում ձևակերպված նման հարց գոյություն չունի, ինչը հենց բարդացնում է հարցի դիտարկումը։

Վերլուծաբանի կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Ադրբեջանի պահանջը մասամբ կապ ունի այս հարցը չվերակենդանացնելու ցանկության հետ։

«Թեև ես գտնում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նույնիսկ իր ներկայիս կարգավիճակում որևէ գործառույթ չի ունենալու, որևէ կողմ այն չի թարմացնելու, քանի որ այսօր բոլոր ուժերը գործում են այլ դիրքերից, այլ առաջնահերթություններ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այլ միջավայրում։ Բարդ է պատկերացնել, որ այդ հարցը բարձրացնելու են արտաքին ուժերը։

Այլ հարց է, որ ՀՀ նման օրակարգի պարագայում շահերի որոշակի համընկնման դեպքում արտաքին ուժերը կարող էին աջակցել այդ օրակարգին։ Իսկ իրավական դաշտում համապատասխան մասնագետները կարող են հարցը բարձրացնել, Ադրբեջանը ևս, եթե չեմ սխալվում, խոսում էր ինտեգրման քաղաքականությունից։ Բնականաբար, սա ՀՀ-ում վստահություն չի ներշնչել, սակայն այդ փաստն ինքնին նշանակում է, որ որոշակի հարց կա, պարզապես այն լուծելու, դրան մոտենալու մոտեցումները պետք է հստակ մշակվեն, ձևակերպվեն»,- նման կարծիք հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը։

Նա գտնում է, որ նման իրավիճակներում սրանք արագ լուծվող հարցեր չեն, հատկապես, երբ դրա քաղաքական պահանջն այսօր դրված չէ։

«Հստակ է, որ կա բանակցվող համաձայնագիրը կնքելու պահանջ, մնացած բոլոր մոտեցումները բխեցվում են այս գլխավորից»,- նկատեց նա։

Ֆյոդոր Լուկիանովը բացատրեց՝ հարցը քաղաքական դաշտում է, քանի որ իրավական դաշտում պայքարը կարող է պտուղներ տալ, սակայն չիրականացվել։

«Այստեղ շատ մեծ հետևողականություն ու ժամանակ է հարկավոր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Խաղաղության համաձայնագրի թեմային, ապա Ֆյոդոր Լուկիանովը գտնում է, որ կողմերի միջև փոխըմբռնումը բացակայում է, այլապես տարաձայնությունները չէին շարունակվի։

Տեսանյութեր

Լրահոս