ԲՀԿ-ի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿԿ) համագումարում ՀՀ առաջին նախագահ և ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս այլ հարցերի, լայն անդրադարձ կատարեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի ուղղությամբ ՀԱԿ-ը բավական երկար ժամանակ քաղաքական գիծ է վարում: Տեր-Պետրոսյանը խնդիրը դիտարկեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխության, այսինքն՝ բուրժուազիան, այս դեպքում` օլիգարխիան, իշխանությունից անջատելու անհրաժեշտության մեջ:

«2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նորից խոշոր բուրժուազիայի, օլիգարխիայի մասը, ում նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կար, ինչպես մյուսների նկատմամբ: Բայց եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունն առաջին հարվածը հասցրին իրեն՝ պարզապես սնանկացրին այդ մարդուն»,- ասաց ՀՀ առաջին նախագահը: Ըստ նրա` այսօր նույն ճանապարհն է ընտրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ասաց.

«Անկեղծ ասած` «Բարգավաճ Հայաստանը» երբեք իշխանության հետ չի եղել այնպիսի կապի մեջ, որը կարող էր լինել անքակտելի, անանջատելի: Դրա վառ ապացույցն էր վերջին խորհրդարանական ընտրություններից հետո համատեղ կառավարման չմտնելու փաստը»:

Կարդացեք նաև

Մենք մեկնաբանություն խնդրեցինք նաև Տեր-Պետրոսյանի այն մտքի վերաբերյալ, որ «Սերժ Սարգսյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին նրա անկախ քայլերի համար, թույլ չի տալու, որ ամրապնդվի և քաղաքական գործոն դառնա»:

Այս մասին Ուրիխանյանն  ասաց, որ կոմպետենտ չէ դրան պատասխանելուն, քանի որ ավելի ճիշտ կլինի, որ դրան պատասխանեն Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձինք: «Բայց որ ԲՀԿ-ն հենց իշխող, քաղաքական մեծամասնություն ներկայացնող ուժին է այլընտրանքային դիրքորոշում հայտնել, դրա հետ կապված որևէ նորություն ասելը դժվար է, քանի որ բոլորին արդեն վաղուց հայտնի բան է»,- ասաց ԲՀԿ խոսնակը:

Մեր հարցադրմանը, թե արդյոք ԲՀԿ-ն իշխանության մաս չի՞ եղել, Տ.Ուրիխանյանը պատասխանեց, որ հարցը հռետորական է:

«Այո՛, անշուշտ եղել է նման բան, որը բերել է այնպիսի իրավիճակի, որն իր հերթին՝ մեզ համար ձեռնտու, բավարար չի եղել, դրա համար էլ կուսակցությունը չի շարունակել համատեղ կառավարման գործընթացը` ակնկալելով փոփոխություններ, և հենց այդ փոփոխությունն էլ ակնհայտորեն փաստում է այն հանգամանքը, որ որևէ անանջատելի կապ չի կարող լինել»,- նշեց նա:

Իսկ Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի համեմատության և նրանց «խոշոր օլիգարխիայի մաս» դիտարկելու մասին Տիգրան Ուրիխանյանը, որպես առաջին բարձրագույն կրթությամբ լեզվաբան, տվեց «օլիգարխիա» բառի սեփական բացատրությունը:

«Նշանակում է՝ փոքրաթիվ մարդկանց շահերը սպասարկող տնտեսական, ֆինանսական, նյութական բարիքների և քաղաքական, ավելի ճիշտ` պետական հնարավորությունների փոխկապակցվածություն: Հիմա ես կարծում եմ` մեր դեպքում այդ ձևաչափը քննարկելու ենթակա չէ, որովհետև «Բարգավաճ Հայաստանում» որևէ մեկը որևէ կերպ չի փոխկապակցում քաղաքական, պետական գործառույթները, առավել ևս՝ ակնհայտորեն տեսնում եք` գործադիր իշխանության մեջ ներկայացված չլինելով տնտեսական ինչ-որ հնարավորությունների հետ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` ավելացնելով, որ (ԲՀԿ) «առաջնորդի մասին խոսելիս` «գործարար» եզրույթը վաղուց արդեն տեղին և արդիական չէ»:

Տեսանյութեր

Լրահոս