ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության. Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանին դիտարկում է իրավահավասար գործընկեր։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ ղեկավարությունը նախկինի պես կազմակերպության ձևաչափում Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր։

«Պատրաստ ենք երկխոսության պաշտոնական Երևանի գործընկերների հետ արդիական բոլոր հարցերի շուրջ»,– հայտնել է նա։

Տասմագամբետովը հավելել է, որ «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» զորավարժությունների ընթացքում գործի է դրվել ամենաժամանակակից տեխնիկան, ներառյալ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։

Մասնակիցները մարտական պատրաստվածության, ներդաշնակության, մոտիվացիայի բարձր մակարդակ են ցուցաբերել։ Տասմագամբետովը հավելել է, որ դա թույլ է տալիս արձանագրել ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների պատրաստակամությունը համատեղ մարտական և այլ խնդիրների կատարման հարցում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը։ Որպես հիմնական կառույցներ նա առանձնացրել է ՄԱԿ–ը, ՇՀԿ–ն և ԱՊՀ–ն, այդ թվում դրանց ստորաբաժանումները, որոնք վերահսկում են ահաբեկչությանը հակազդելը։

Տեսանյութեր

Լրահոս