Իրանի և Ռուսաստանի դիրքորիշումների միջև տարաձայնություններ չկան. Զախարովա
Ռուսաստանը անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք գործընկերների հետ կապի մեջ ենք, դա մշտական շփում է։ Մենք տրամադրել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն այդ թեմայի վերաբերյալ։ Կարծում ենք, որ մեր ներկայացրած հիմնավորումը Թեհրանում լսելի և ընկալելի է եղել»,-ասել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ հակառուսական լրատվամիջոցներին ներշնչել են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենածիծաղելի հնարավորություն, Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ մտցնելու համար:
Նա նշել է, որ դա արվում է Արևմուտքի շահերից ելնելով։
Զախարովան պարզաբանել Է Հարավային Կովկասում հաղորդակցությունների համալիր ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր կողմերի շահերը. «Ելնում ենք նրանից, որ հարցի լուծումը հիմնված է փոխընդունելի մոտեցումների վրա՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»:
Դիվանագետը նկատել է, որ կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը և չի հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ամբողջությամբ հավատարիմ է մնում վերոնշյալ պարտավորություններին և վստահ է, որ ընդունված բանաձևը բխում է ոչ միայն Երևանի և Բաքվի, այլև ողջ տարածաշրջանի շահերից:
«Իսկ ԶԼՄ-ներում շրջանառվող ենթադրությունները, թե, իբր, գոյություն ունեցող աշխարհաքաղաքական սահմանները փոխվում են, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, նաև կարդացել եմ ուժային պարտադրման մասին՝ չեն համապատասխանում իրականությանը», – ամփոփել Է դիվանագետը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կոմունիկացիաների շուտափույթ ապաշրջափակման օգտին և ափսոսում է, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը:
Դրանից հետո իրանական ԶԼՄ-ներում «միջանցքային տրամաբանության» վերաբերյալ հայտնվել են հրապարակումներ՝ ռուսական կողմի հասցեին կտրուկ արտահայտություններով։
Բացի այդ, Իրանի պաշտոնատար անձինք կրկին հիշեցրել են այդ հարցում Թեհրանի դիրքորոշման մասին: Այսպես, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» «կարմիր գիծ» է և միանգամայն անընդունելի Է Իրանի համար։ Նա նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ նշելով, որ Սյունիքով անցնող՝ այսպես կոչված միջանցքի վերաբերյալ ոմանց երազանքներն ու ցանկությունները չեն իրականանա: