Կյանքից հեռացել է գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը
Մահացել է գրող, գրականագետ, թարգմանիչ¸ Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտի հիմնադիր նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնադիր տնօրեն Ֆելիքս Բախչինյանը:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միությունից։
Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1978-1981 թվականներին Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը։ Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը Մոսկվայում։
Հեղինակ է պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների։