Վերականգնելով Ալեն Սիմոնյանի «ամնեզիան»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախում 2023 թվականին տեղի ունեցած իրադարձություններին և հայտնել, որ Արցախի իշխանություններն Արցախի լուծարման մասին փաստաթղթի ստորագրումից հետո են ՀՀ իշխանություններին տեղեկացրել:

«Տեղյակ են պահել արդեն ընդունված որոշման, փաստաթղթի մասին: Այսինքն, եղել է ոչ թե քննարկում, չեն զանգել ասել՝ ինչն է ձեր դիրքորոշումը, ոնց եք դուք վերաբերվում սրան: Ասել են՝ սենց բան ենք որոշել: Մեր կողմից եղել է մի պահանջ, խնդրանք, որը կարողացել ենք առաջ տանել՝ տեքստի մեջ եղել է ՀՀ-ի հետ կապված հիշատակում, որը վերաբերել է մի բանի, որն իրողության հետ կապ չի ունեցել»,- նշել է նա՝ չգաղտնազերծելով՝ կոնկրետ խոսքն ինչի մասին է, և հայտարարելով, որ ՀՀ-ում գոյություն չունի Արցախի նախագահ, պատգամավորներ:

«Իրենք իրենց որոշումով իրենց լիազորությունները դադարեցրել են»,- ընդգծել է Սիմոնյանը:

Դիտարկմանը, եթե պահանջը չկատարեին՝ ի՞նչ էր լինելու Արցախի բնակիչների հետ, և ի՞նչ այլընտրանք էին իրենք առաջարկելու, Սիմոնյանն արձագանքել է.

Կարդացեք նաև

«ՀՀ-ն իր այլընտրանքն առաջարկել է, ՀՀ-ն իր երեխաներին զոհել է այնտեղ, մեր երեխաները գնացել զոհվել են այնտեղ, ՀՀ-ն իր ժողովրդի բյուջեից կտրել և ամեն ինչով ապահովել է ԼՂ գոյությունը, աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ։ Բա ինչի՞ համար էինք մենք զոհվում, կռվում, դուք չեք հասկանո՞ւմ, որ նպատակը եղել է ՀՀ-ի վրա հարձակումը և ՀՀ-ն ոչնչացնելը, բռնակցելը միութենական որևէ կառույցի։ Հասկանո՞ւմ եք էդքան բանը։ Սեպտեմբերյան վերջին արցախյան իրադարձությունների ժամանակ նպատակը եղել է ՀՀ տարածքներ գրավելը, ՀՀ-ն՝ որպես պետություն, ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի: Այսինքն, ՀՀ-ն պետք է մտներ այդ խաղի մեջ, որպեսզի ՀՀ-ն այլևս գոյություն չունենա՞ր։ Կայացվել է ծանր որոշում, երբ հարձակում եղավ Արցախի վրա, բայց այդ որոշման գինը ՀՀ-ն էր։ Կա՞ էստեղ մեկը, որ կարծում է, որ ՀՀ ինքնիշխանությունը պետք է դրվեր սակարկման որևէ պարագայում, ես այդպես չեմ համարում»։

ԱԺ նախագահի այս հայտարարությունից հետո մի քանի հարց է ծագում:

Առաջին, Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է նույնքան վստահ ասել, որ ԶՈՒ կիրառման պլանով ՊԲ-ին չպիտի աջակցեին վերջին գործողությունների ժամանակ: Միգուցե այս մասին ճշտումներ անի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանից և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից:

Երկրորդ, 2020 թվականի պատերազմն Արցախում էր, ինչո՞ւ Հայաստանը շտապեց ռազմական դրություն հայտարարել, այնուհետև ստորագրել Արցախում տեղի ունեցած պատերազմի հրադադարի հայտարարության տակ և չառաջարկելով, որ դա անեն Արցախի իշխանությունները, կամ առնվազն նրանց ստորագրությունը ևս լինի:

Երրորդ, արդյո՞ք այն ժամանակ չկար գիտակցում, որ չի կարելի մտնել 44-օրյա պատերազմի խաղի տակ և Արցախի պատերազմի հրադադարի եռակողմ հայտարարության մեջ չմտցվեր ՀՀ-ին առնչվող կետեր, որոնց հասնելու համար Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ 2021-2022 թվականներին՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները: Իսկ գուցե Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով ՀՀ օկուպացված տարածքների պատկանելության հետ կապված կասկածնե՞ր ունի:

Չորրորդ, 2020 թվականի 44-օրյա պատերազմից օրեր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, հայտարարելը՝ «Աղդամը իմ հայրենիքն է», ինչի՞ն էր այլընտրանք, այդ ժամանակ չկա՞ր Արցախի և ՀՀ գոյությունը վտանգելու զգացողություն, երբ արդեն հուլիսյան մարտերն էին տեղի ունեցել, դրանից անմիջապես հետո թուրք-ադրբեջանական զորավարժությունները հուշում էին, որ պատերազմ է լինելու, իսկ սեպտեմբերի 25-ին արդեն Նիկոլ Փաշինյանը հստակ տեղեկություն էր ստացել:

Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զգոնությունը բարձրացնելու, ակտիվացած հակառակորդի սադրիչ գործողություններին դիմագրավելու և ՀՀ առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 041 կարգադրությունը, որով հրամայել է պաշտպանության բանակի հրամանատարին բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը և դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Վերոնշյալ թիվ 041 կարգադրության հիման վրա պաշտպանության բանակի հրամանատարը 2020 թվականի սեպտեմբերի 24-ին արձակել է թիվ 0661 հրամանը, որով, ի հավելումն նշված հանձնարարությունների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահությունում գտնվող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում դրությունում և գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել ըստ վերադասության, պաշտպանական շրջանների, այդ թվում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպեանոց պատրաստականության վիճակում մարտական գործողությունների վարմանը պատրաստ մեկ վաշտ:

2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՀՀ ԶՈւ զորքերի զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին բացահայտելու, դրանց դիմագրավելու, անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով արձակել է թիվ 046 կարգադրությունը, որով պաշտպանության բանակի հրամանատարին հանձնարարել է սեպտեմբերի 25-ից բարձրացնել անձնակազմի զգոնությունը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզության բոլոր ձևերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ, մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զորամիավորումների, միավորումների, կառավարման կետերը ծավալել հրամանատարների կողմից նախորոշված շրջաններում և անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի և այլն:

Հավելենք, որ 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում էլ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:

Հարցերի և փաստերի այս շարքը կարելի է շարունակել:

Ի դեպ, 44-օրյայի ժամանակ Ալեն Սիմոնյանը Արցախը և Կոսովոն նույն հարթության վրա էր դնում, թեպետ Նիկոլ Փաշինյանի համար արդեն պարզ էր՝ «Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»:

Թեպետ մասնագետների դիտարկմամբ, նույն հարթության վրա դնելն այնքան էլ ճիշտ չէր: Մյուս կողմից, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի դիտարկմամբ, Կոսովոյի դեպքը, դրա վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հստակ արձանագրել է, որ անկախության հռչակումն ինքնին չի հակասում միջազգային իրավունքին: Եվ մի շատ կարևոր բան. միջազգային իրավունքի համաձայն՝ անկախ այդ պետության ճանաչումից, ՄԱԿ-ի անդամ լինել-չլինելու հանգամանքից, «Արցախի Հանրապետությունը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո այն առումով, որ նրա նկատմամբ իրավունք չկա կիրառել ուժ, ինչը տեղի ունեցավ Արցախում»:

Ալեն Սիմոնյանն ի՞նչ է կարծում՝ Ադրբեջանն իրավունք ունե՞ր հարձակվելու Արցախի վրա, ունե՞ր Ադրբեջանն այլընտրանք, օրինակ, հարգել միջազգային իրավունքը, ունե՞ր Հայաստանն այլընտրանք՝ ստիպել, որ Ադրբեջանը հարգի միջազգային իրավունքը…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30