Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ քննարկելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական հարուստ կապերը՝ ընդգծելով ապագա համագործակցության հսկայական ներուժը: Նա նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման լայն հնարավորություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերությունն ամրապնդելու նոր ուղիներ հատկապես թվայնացման, հետազոտությունների ու մշակումների (R&D), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Առանձնահատուկ ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային կոմպոնենտների նախագծման և արտադրության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Հանդիպման ավարտին նշվել է, որ հայկական կողմը պատրաստակամ է նոր գործիքակազմով ու ռեսուրսներով հնդկական կողմի համապատասխան մասնագետների հետ քննարկելու ներկայացված առաջարկությունների ուղղությամբ համագործակցության տարբերակները, ինչը կհանգեցնի ոլորտային գործակցության նոր ու արդյունավետ զարգացումների։