Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացույցներ ներկայացնել
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքներին, թե Իրանն ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է արել։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է ապացույցներ ներկայացնի երկրի նախագահական ընտրություններին Իրանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։
«Նման մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն և զուրկ են որևէ հիմքից: Եթե ԱՄՆ կառավարությունն անկեղծորեն հավատում է իր բողոքների հիմնավոր լինելուն, ապա նա պետք է մեզ տրամադրի համապատասխան ապացույցներ, եթե այդպիսիք ընդհանրապես կան, որպեսզի մենք կարողանանք դրանց համապատասխան պատասխան տալ», – նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի և ԱՄՆ ենթակառուցվածքային և կիբեռանվտանգության ապահովման գործակալության համատեղ հայտարարության մեջ ամերիկյան գերատեսչությունները հանդես են եկել պնդմամբ, թե Իրանն իբր փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ իրականացնելով կիբեռգործողություններ երկրի նախագահի թեկնածուների՝ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ, փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբների դեմ։
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Թեհրանը սոցիալական ինժեներիայի և այլ տեխնիկաների միջոցով փորձել է ստանալ այն անձանց հետ շփվելու հնարավորություն, որոնք անմիջական առնչություն ունեն երկու քաղաքական կուսակցությունների նախագահական արշավների հետ: