«Նման տեմպերով շարունակելու դեպքում Ադրբեջանը մի քանի տարի անց ամբողջ Արցախի հայկական մշակույթը ոչնչացրած կլինի». Հովիկ Ավանեսով

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի ենթարկել Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշակոթողները՝ կա՛մ իսպառ ոչնչացնելով, կա՛մ որոշ հատված փոխելով՝ մուսուլմանական դարձնելով։ Կան արդեն հուշարձաններ, նաև գյուղեր, որոնք այլևս չկան՝ Ադրբեջանը դրանք վերացրել է, օրինակ, Քարին տակ, Մոխրենես գյուղերն ամբողջովին քանդել է՝ հավասարեցնելով հողին։

Հայաստանյան ու Արցախի տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, այդ թվում ՝ Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ-երը, բազմիցս բարձրաձայնել են այս խնդրի մասին, սական որևէ դրական տեղաշարժ չկա՝ Ադրբեջանը շարունակում է Արցախում ջնջել հայկական հետքը։

Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովը վստահեցրեց, որ բոլոր այս փաստերը ցույց են տալիս, որ այն, ինչ Ադրբեջանն անում է Արցախում, ծավալային առումով աշխարհի մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից է։

«Ակնհայտ է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում Ադրբեջանը մի քանի տարի անց ամբողջ Արցախի հայկական մշակույթը ոչնչացրած կլինի։ Ցավոք, իմ և մեր գործընկերների կողմից հրապարակվող աղաղակող փաստերին այս կամ այն միջազգային կազմակերպությունները բավարարվում են միայն արարողակարգային հայտարարություններ անելով։ Իսկ դրանք որևէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի վրա, որովհետև դրանց չեն հաջորդում իրավական գործընթացներ։

Կարդացեք նաև

Այսինքն՝ դատապարտող հայտարարություններից զատ, Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվի պատժիչ մեխանիզմներ, միայն այս դեպքում հնարավոր կլինի կանգնեցնել նրան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով՝ Արցախում Ադրբեջանի կողմից վանդալիզմի ահռելի ծավալները պայմանավորված են նրանով, որ գերտերությունները, միջազգային տարբեր կազմակերպություններ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն՝ այցելում են օկուպացված Արցախի տարբեր մասեր։ Քայլում են այն վայրերով, որտեղ ամիսներ առաջ եղել է հայկական մշակութային կոթող, որն այժմ չկա։ Հետևաբար՝ այս ամենն Ադրբեջանի մշակութային ցեղասպանության համար «կանաչ լույս» է վառում։

«Այսպես ոչնչացվեցին Շուշիի կանաչ Ժամ եկեղեցին, Բերձորի եկեղեցին, Քարին տակ, Մոխրենես գյուղերը, Խծաբերդի վերջին ավերածությունները եղան։

Եվ այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը Բաքվում անցկացնելու է COP-29 բնապահպանական ֆորումը, որն անցկացնելու որևէ իրավասություն չունի։ Ադրբեջանն էկոլոգիան վնասող թիվ մեկ պետություններից մեկն է։ Աշխարհին է հայտնի, որ Արցախի դեմ սանձազերծած բոլոր պատերազմներում Ադրբեջանը թույլ է տվել նաև բնապահպանական հանցագործություններ՝ կիրառել է արգելված զենք-զինամթերք։ Փաստացի գործ ունենք մի պետության հետ, որը բնապահպանական մեծ հանցագործություններ է թույլ տալիս, որովհետև Արցախում Ադրբեջանը ճանապարհ է կառուցում՝ մի կողմից՝ հատելով անտառներ, ծառատեսակներ, մյուս կողմից՝ քանդելով հայկական գերեզմանոցները, հուշարձանները և այլն»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։

Նա վստահ է, որ թեպետ այսօր Հայաստանը պետական մակարդակով այս խնդիրը չի բարձրաձայնում, միևնույն է՝ հասարակական կազմակերպությունները, անհատները պետք է փաստերը հավաքեն, դրանք բարձրաձայնեն։

«Սա այնպիսի խնդիր է, որն այսօր պետք է դառնար մեր դիվանագիտական կորպուսի առաջնահերթ խնդիրներից մեկը, տարբեր հարթակներ պետական մակարդակով պետք է օգտագործեին ու խոսեին Ադրբեջանի հանցագործությունների մասին։ Միայն այս դեպքում մենք կարող էինք ակնկալել որոշակի արդյունք, բայց քանի որ հիմա միայն խոսում են խաղաղության օրակարգի մասին, ուստի ունենք նման իրավիճակ»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Մեր զրուցակիցը նաև ասաց՝ Ադրբեջանն առաջնահերթ ոչնչացնում է այն գյուղերն ու տարածքները, որոնք ունեն ամենահին մշակութային հուշարձանները, Քարին տակը, Մոխրենեսն այդպիսիների շարքից էին։

«Ադրբեջանն այժմ իրականացնում է Արցախի իսլամացման քաղաքականություն, բնականաբար, դրան զուգահեռ՝ ոչնչացնում է այն ամենը՝ ինչը հայկական է՝ ամբողջական բնակավայրեր, թաղամասեր։ Առաջնայինն այն գյուղերն են, որտեղ շատ են պատմական ոճով կառուցված հուշարձանները։ Առաջիկայում շատ բնակավայրեր ևս կոչնչացվեն։ Այս ամենով Ադրբեջանը նաև հոգեբանական ճնշում է գործադրում հատկապես արցախահայերի նկատմամբ՝ քանդելով նրանց հարազատների գերեզմանոցները»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

 

Տեսանյութեր

Լրահոս