Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Զախարովայի հայտարարությանը՝ Բաքուն և՛ արձագանքել է, և՛ գործի դրել ռազմատենչ հռետորաբանություն
Այս շաբաթվա սկզբին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենաշաբաթյա ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։
Ըստ Զախարովայի, Ռուսաստանը դեռևս 2022 թվականին (ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ) ընդգծել էր երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով, ինչպես նաև պարտավորվել է հետագայում ևս ամեն կերպ աջակցել դրան։
«Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, այլև ամրագրված է այն փաստաթղթում, որի տակ դրված է մեր երկրի ստորագրությունը։ Նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների փուլերը։ Պատրաստ ենք այսուհետ ևս դա անել»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան նաև երաշխավորում է երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծել՝ իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է ղազախ գործընկերների ջանքերը, որոնք նախաձեռնել և կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մայիսի 10-11-ը Ալմաթիում։
Զախարովայի այս հայտարությունից հետո, անմիջապես հետևեց Ադրբեջանի ԱԳ նախարարության արձագանքը, նախարարության խոսնակ Հաջիզադեն հայտարարեց, որ «Բաքուն միշտ պատրաստ է Հայաստանի հետ բանակցել ՌԴ-ում և այլ վայրերում»։
Չնայած դրան, Ադրբեջանը չի դադարում ռազմատենչ հռետորաբանություններ հնչեցնել, մասնավորապես թե Ալիևը, և թե այլ պաշտոնատար անձինք շարունակում են օրակարգում պահել և պարբերաբար կրկնել «ադրբեջանցիների Արևտյան Ադրբեջան վերադառնալու հարցը»։
Պաշտոնական Երևանը Զախարովայի հայտարարությանը դեռ չի արձագանքնել։
ՀՀ ԱԳ նախարարությունից և Կառավարությունից Զախարովայի այս հայտարարությանը որևէ արձագանք ու մեկնաբանություն դեռևս չկա։ Գերատեսչությունից արձագանք չկա նաև Բաքվի հրավերին՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցելու վերաբերյալ։ Միայն հայտնի է, որ օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում էլ կանդրադառնա COP-29 համաժողովին։