Ադրբեջանում բնապահպանական խնդիրները սուր են, Հայաստանին մեղադրելու փոխարեն, կարող է սևեռվել այդ խնդիրների վրա. Արա Մարջանյան

Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հերթական մեղադրանքներն է ներկայացրել Հայաստանին՝ կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ։

Նա ասել է, որ «Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա», պնդելով նաև, թե «Հայաստանի կողմից թունավոր թափոններ են նետվում Ադրբեջան հոսող գետեր, որի հետևանքով հարյուրավոր թռչուններ և ձկներ են ոչնչացվել»։

Այս հերթական մեղադրանքներին Հայաստանի կողմից դեռևս որևէ հակադարձում չի եղել։

168.amի հետ զրույցում էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը խոսելով Ադրբեջանի հերթական մեղադրանքների, ինչպես նաև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին ընդառաջ հայկական կողմի անելիքների մասին, ասաց՝ Ադրբեջանում այնքան բնապահպանական խնդիրներ կան, որ լավ կանեն՝ այդ խնդիրներին անդրադառնան, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնեն Հայաստանի հասցեին։

Կարդացեք նաև

Ըստ Արա Մարջանյանի, առհասարակ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ջրի աղտոտման առումով ոչ բարենպաստ իրավիճակ է։

«Հայաստանում ու Ադրբեջանում այս առումով ավելի վատ վիճակ է, Վրաստանում համեմատաբար ավելի բարվոք է։ Հայաստանում այս տեսանկյունից ամենամեծ խնդիրը Սևանա լճի բիո և քիմիական նյութերով աղտոտումն է, շրջանակային կոլյուկտորի՝ կոյուղային կոլյուկտորի բացակայության հետևանքով։ Ինչպես նաև Արաքս և այլ գետեր հոսող որոշակի թափոնների առկայությունը, այս խնդիրն էլ ավելի սուր է Թուրքիայում ու Ադրբեջանում։

Հայաստանի թե՛ բնապահպանները, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությունն այս բոլոր խնդիրներով պետք է զբաղվեն, սակայն ասել, որ մեզ մոտ ավելի վատ վիճակ է, քան Ադրբեջանում՝ սուտ կլինի։ Ադրբեջանում էլ բնապահպանական խնդիրները սուր են, այնպես որ, Ադրբեջանը կարող է հիմնականում սևեռվել իր բնապահպանական խնդիրների վրա»,- նշեց Արա Մարջանյանը։

Ինչ վերաբերում է COP-29 համաժողովին, ապա Արա Մարջանյանը կարծում է, որ հայկական կողմի համար հետաքրքիր կլինի, եթե Ադրբեջանը համաժողովում հայտարարի սեփական ատոմակայանը կառուցելու մասին։

«Ադրբեջանը վաղուց ցանկանում էր կառուցել սեփական ատոմակայանը, հիմա դրա համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ։ Հիշեցնեմ, որ COP-28 համաժողովում ընդունվեց ատոմային էներգետիկայի զարգացման հսկայական ծրագիր, և ատոմային էներգետիկան դիտարկվեց՝ որպես կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու կամ կանխարգելելու  ամենագործուն միջոց։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը սրանից կօգտվի համաժողովի ժամանակ և որոշակի պահանջներ առաջ կքաշի՝ ուղղված Հայաստանին։ Բայց քանի որ վերջիններս զուրկ են որևէ բովանդակությունից, որևէ բան իրենցից չեն ներկայացնելու։

Հայաստանը պետք է այս համաժողովին ընդառաջ՝ բոլոր հնարավոր տարբերակներով առաջ քաշի հայ գերիների վերադարձի հարցը մինչև համաժողովը կամ այդ համաժողովի աշխատանքների ընթացքում։ Սա շահեկան կլինի՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար, և դա կարող է նոր հեռանկարներ բացել տարածաշրջանի համար»,- եզրափակեց Արա Մարջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս