Երևանն ինչպես ուշացավ Լոնդոնում, այդպես էլ ուշանում է այս դեպքում․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Ադրբեջանը արագ արձագանքել է Զախարովայի հայտարարությանը և ասել, թե Բաքուն միշտ պատրաստ է Ռուսաստանում կամ այլ հարթակներում բանակցել Երևանի հետ:
Երևանն ինչպես ուշացավ Լոնդոնում, երբ Բաքուն առաջինը տարածեց, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպելուց, այդպես էլ ուշանում է այս դեպքում:
Շատերն այստեղ կասեն, թե Մոսկվայում բանակցությունը մեր օգտին չէ: Բայց, այդ դեպքում կստացվի, որ, ոչ թե մենք ենք բանակցողը, այլ մեր փոխարեն՝ որևէ միջնորդ:
Որովհետև, եթե օրինակ «արտառուսաստանյան» որևէ հարթակում մեզ համար բանակցելը ձեռնտու է, իսկ ռուսականում՝ ոչ, կնշանակի, որ մենք ընդամենը գտնվում ենք ձեռնտու հարթակի «խնամակալության» ներքո:
Իսկ, ինչպես ձրի պանիրը, այդպես էլ ձրի խնամակալությունը լինում է միայն թակարդում, և կարծում եմ այսօրվա՝ զգալիորեն բաց աշխարհաքաղաքական խաղի պայմաններում սա գիտեն անգամ միջին դպրոցի աշակերտները:
Առավել ևս, որ խոսքը բացարձակապես չի գնում այն մասին, որ հայտնելով մոսկովյան հարթակի պատրաստակամություն, Երևանը պետք է հրաժարվի այլ հարթակներից:
Բայց, այստեղ է թերևս նաև մեխը: Մասնավորապես, իսկ արդյո՞ք այլ հարթակները չեն սպասում, որ Երևանն «ընդունի մոսկովյանը», որպեսզի իրենք իրենց դուրս դնեն պատասխանատվությունից եըւ գործեն առավել անկաշկանդ:
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Բաքուն ոչ թե մերժում է արևմտյան հարթակները, այլ դրանց հանդեպ «կամակորությամբ» ծառայություն մատուցում այդ հարթակների պատասխանատուներին՝ ազատելով նրանց պատասխանատվությունից: Եվ դրա դիմաց էլ Ադրբեջանը ստանում է իր բոնուսները այդ հարթակներից՝ այլ տեսքով ու տրամաբանությամբ, առերևույթ այսպես ասած կոնֆլիկտի մեջ լինելով այդ հարթակների հետ:
Իսկ Երևանին էլ խոստանում են կարկանդակներ, բայց նաև ակնկալում «խիզախ որոշումներ», կարծես մինչ այժմ եղած խիզախները քիչ էին:
Այդպիսով, հնարավոր է իհարկե, որ Երևանն այս դեպքում ոչ թե ուշացել է, այլ «զգուշացել», «արտառուսաստանյան հարթակներին» ալիբի չտալու համար:
Ի դեպ, որևէ մեկի մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչու՛ Եվրոպական քաղաքական համայնքի հայտնի դերակատարներից որևէ մեկը Լոնդոնում գագաթնաժողովից առաջ կես բառով անգամ չէր արտահայտել Գրանադայում բաց թողածը «լրացնելու» և Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու գոնե ցանկության մասին:
Թերևս մի պարզ պատճառով՝ ի՞նչպես արտահայտել մի ցանկություն, որը բացակայում է, որը կար միայն Երևանի մոտ, որովհետև միայն Երևանն է, որ ԵՔԳ «քառակողմ« և «հնգակողմ» սեղաններից ելել է չբավարարված»։