Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես»

Եթե ֆեյսբուքյան որևէ օգտատեր իր գրառման մեջ նշի, որ «Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է», նրան անմիջապես կձերբակալեն, բոլոր իրավապահ կառույցները քրեական գործեր կհարուցեն ու կներկայացնեն՝ որպես ծանրագույն հանցագործ, որքան էլ նա հայտարարել է, թե չի վիրավորվում իրեն «թուրք անվանողներից»։

Նույնը տեղի կունենա նաև, եթե որևէ քաղաքացի հայտարարի, որ իր պապերն ապրել են Պռոշյան փողոցի ձորափնյա հատվածում և այդ հողերի 90 տոկոսն իրեն է պատկանում ու հիմա այնտեղ բնակվող Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի՝ ե՞րբ է պատրաստվում իրեն տարածքներ հատկացնել կառավարական ամառանոցներում։

Այս և նմանատիպ այլ դեպքերում արձագանքման մեխանիզմը գործում է այն պատճառով, որ հայտարարությունների հասցեատերն իշխանության առաջին դեմքն է, ով, երբ խոսքը վերաբերում է անձնական հարցերին, ունի արժանապատվություն և պատրաստ է պաշտպանել ունեցվածքը, երբ խոսքը վերաբերում է սեփական բարեկեցությանը։ Բայց երբ գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են հնչում Հայաստանի հասցեին, նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն իրենց պահում են այն ձկան պես, որի հետ կառավարությունը հարաբերություններ հաստատեց ընդամենը մի քանի ամիս առաջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն որերորդ անգամ Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», հայտարարում է, որ 300 հազար ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան՝ մարզեր և մայրաքաղաք Երևան, որի բնակավայրերի 90 տոկոսն ադրբեջանական պատկանելություն ունի։ Բոլոր այս հայտարարություններին՝ Հայաստանից՝ որպես պետություն, իշխանությունների կողմից որևէ արձագանք չի հնչում։ Այսինքն՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը, իրավապահ բոլոր մարմիններն ամբողջությամբ անտարբեր են, եթե վիրավորանք ու զրպարտություն է հասցվում պետությանը, երբ երկիրը որակվում է ադրբեջանական, բայց նրանք գերազանցիկ աշակերտի նման պատրաստ են պաշտպանելու այդ նույն երկրի ղեկավարին, եթե հանկարծ նրան անվանեն ադրբեջանցի կամ փորձեն ոտնձգել նրա անձնական կոմֆորտի դեմ։

Կարդացեք նաև

Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը դադարել է գոյություն ունենալ որպես պետական կազմավորում՝ այդ հասկացության բովանդակային, գործառութային իմաստով, և վերածվել է համակարգի, որը ծառայում է մեկ անձի և նրան սպասարկող խմբակի շահերին։

 Այսինքն՝ Հայաստանի պետական կառավարման համակարգի համար թիվ մեկ առաջնահերթությունը ոչ թե պետության, այլ իշխանության շահերի պաշտպանությունն է։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ իշխանության շահերի պաշտպանության, իմա՝ իշխանության երկարակեցության ապահովման նպատակով կարող են և, կյանքը ցույց է տալիս, որ զոհաբերվում են պետության շահերը։ Եթե ավելի պարզ՝ իրականում Նիկոլ Փաշինյանը թքած ունի, թե ինչ է պահանջում Ալիևը Հայաստանից, ինչպես է անվանարկում Հայաստանը, նրա համար կարևոր է, որ այդ պահանջները չխարխլեն իր իշխանության դիրքերը, ավելին՝ եթե դրանց ամրացման համար պետք է կատարել Ադրբեջանի պահանջները, կրկին ոչ մի խնդիր։

Այս իրավիճակը, ի թիվս այլ գործոնների, հնարավոր է դարձել նաև այն պատճառով, որ հայ հասարակության զգալի մասը սեփական պետությանը վերաբերվում է մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ անտարբեր է դրան ուղղված ցանկացած ոտնձգության, սպառնալիքի նկատմամբ, քանի դեռ դա չի վերաբերում իր անձնական տարածքին ու անձնական շահին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս